zard_l

ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ

zard_r

ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԻ ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Ա

ՍԱՀԱԿԻ ԹՂԹԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՎ ԽՈՍՏՈՒՄ` ՆՐԱ ԽՆԴՐԱԾԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ

Մովսես Խորենացին մեր ազգի պատմության այս սկզբում ողջունում է Սահակ Բագրատունուն: 
Քո մեջ եղած աստվածային շնորհքների անսպառ գործունեությունը և հոգու անդադար շարժումները քո մտածողության վրա` ես ճանաչեցի այս գեղեցիկ խնդրի միջոցով, մարմնիցդ առաջ հոգուդ հետ ծանոթանալով. սա իմ ճաշակին ևս ախորժելի է, և մանավանդ իմ սովորություններին: Ուստի ոչ միայն պետք է քեզ գովել, այլև քեզ համար աղոթել, որ միշտ այսպես մնաս:
Որովհետև եթե մենք բանականության պատճառով, ինչպես ասվում է, Աստծու պատկերն ենք, և մյուս կողմից` բանականի կատարելությունը խոհականությունն է, և քո մեջ անհատնելի է սրանց ցանկությունը` ուրեմն գեղեցիկ մտածողությամբ վառ և բորբոք պահելով քո խոհականության կայծը` զարդարում ես բանականությունը, որով մնում ես պատկեր լինելու: Կարելի է ասել, որ սրա միջոցով ուրախացնում ես սրա սկզբնատուին` գեղեցիկ և չափավոր մոլությամբ հետամուտ լինելով այս խնդիրներին: 
Սրա հետ միասին հետևյալն էլ եմ նկատում, որ եթե մեզանից առաջ և մեր ժամանակ ապրող` Հայոց աշխարհի ցեղապետերն ու իշխանները ո՛չ իրենց ձեռքի տակ ընկած և հավանորեն եղած իմաստուններին հրամայեցին այսպիսի պատմական հիշատակարաններ գրել, ոչ էլ մտածեցին դրսից` որևէ տեղից ներս բերել օժանդակ գիտություններ, և այժմ քեզ այդպիսին եղած ճանաչեցինք, ուրեմն պարզ է, որ դու պետք է ճանաչվես բոլոր քեզանից առաջ եղածներից վեհագույն և բարձրագույն, արժանանաս գովեստների և պատմական այսպիսի հիշատակարանի մեջ դրվելու արժանի:
Ուստի ուրախությամբ ընդունելով քո խնդիրը` սիրով կաշխատեմ այն կատարել, անմահ հիշատակ թողնելով այս քեզ, և քեզ հաջորդող սերունդներին: Որովհետև դու պատկանում ես նախնական և քաջ ազգի, արդյունավոր ոչ միայն խոսքի և պիտանի խոհականության մեջ, այլև բազմաթիվ մեծամեծ փառավոր գործերով, որոնք մենք կհիշատակենք այս պատմության ընթացքում, երբ հորից որդի ծննդաբերությունը տալով` կազմենք բովանդակ ազգաբանությունը, իսկ հայտնի բոլոր նախարարությունների, ամեն մեկի որտեղից և ինչպես ծագելը համառոտ և հավաստի կպատմենք, ինչպես որ կա մի քանի հունական պատմությունների մեջ:

Բ

ԹԵ ԻՆՉՈՒ ՄԵՆՔ ՀՈՒՆԱՐԵՆԻՑ ԿԱՄԵՑԱՆՔ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՄԵՐ ԳՈՐԾԵՐԸ, ՄԻՉԴԵՌ ՔԱՂԴԵԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՍՐԱՆՔ

Եվ այս բանի վրա թող ոչ ոք չզարմանա, որ թեպետ շատ ազգեր մատենագրություններ են ունեցել, ինչպես ամենքին հայտնի է, մանավանդ պարսիկներն ու քաղդեացիները, որոնց մեջ ավելի շատ են գտնվում մեր ազգին վերաբերվող բազմաթիվ գործերի հիշատակություններ, մենք սակայն միայն հունաց պատմագրությունները հիշատակեցինք և այնտեղից խոստացանք առաջ բերել մեր ազգաբանությունը: Այնպես և գիտության վերաբերյալ աշխատությունները, իրենց ներքին գործերը կարգի բերելուց հետո, ինչպես օրինակ, Պտղոմեոսը, որ եղբայրասեր է կոչվում, հարկավոր համարեց բոլոր ազգերի մատյաններն ու պատմությունները հունարեն թարգմանելու:
 Բայց ոչ ոք թող այստեղ մեզ անուսում համարելով չբամբասի, որպես թե մենք անվարժ և տգետ մեկն ենք, որ Պտղոմեոսը եգիպտացիների թագավոր է եղել, իսկ մենք նրան հունաց թագավոր համարեցինք: Որովհետև նա հույներին էլ իր իշխանության տակ նվաճելով` կոչվեց Ալեքսանդրիայի և հունաց թագավոր, ինչպես երբեք չկոչվեց և ոչ մեկը Պտղոմյաններից կամ Եգիպտոսի ուրիշ տիրողներից: Նա այնքան հունասեր բարք ուներ, որ իր աշխատությունը հունարենի թարգմանեց: Ուրիշ շատ պատճառներ էլ կան մեր նրան հունաց թագավոր կոչելու, բայց մեր խոսքը համառոտելու համար բավական ենք համարում այս ասածը նրա մասին,- այլև Հունաստանի բազմաթիվ անվանի ու գիտությամբ պարապած մարդիկ հոգ տարան հույն լեզվի թարգմանելու ոչ միայն ուրիշ ազգերի թագավորների դիվանների և մեհյանների գրքերը,- ինչպես գտնում ենք նրան, որ
Որովհետև ոչ միայն հունաց թագավորները հոգ տարան հույներին ավանդելու ինչպես իրենց աշխարհակալության, քաղդեացի Բերոսոսին` բոլոր գիտություններին քաջահմուտ մարդուն, հորդորեց այս բանն անելու,- այլև մեծամեծ և զարմանալու արժանի արվեստները, որոնք այս և այնտեղ դժվարությամբ գտնելով փոխադրեցին հույն լեզվի (ինչպես Ա.Ք-ի մոտ, և Թ.Փ-ի մոտ, և Կ.Ե-ի մոտ, և Շ.Թ-ի մոտ): Եվ այս արվեստները ժողովեցին մարդիկ, որոնց անունները մենք հավաստի գիտենք, և նվիրեցին հելլեն աշխարհին, փառավորելով նրան: Եվ գովելի են ինչպես ուսումնասիրողները` ուրիշներից ձեռք բերելու իրենց ջանքի, իմաստության համար, նույնքան և ավելի նրանք, որոնք գիտության այսպիսի գյուտերն ընդունեցին և պատվեցին: Այս պատճառով ես չեմ տատանվում` ամբողջ Հունաստանը գիտության մայր կամ դայակ կոչելու:
Եվ այսքանը բավական է բացատրելու համար հունաց պատմագիրներին դիմելու մեր կարիքը:
 

Գ

ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԻՇԽԱՆՆԵՐԻ ԱՆԻՄԱՍՏԱՍԵՐ ԲԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Կամենում եմ նաև առանց մեղադրական հիշատակության չթողնել մեր հին նախնիքների անիմաստասեր բարքը, այլ հենց այստեղ մեր ձեռնարկության սկզբում, նրանց մասին կշտամբանքի խոսքեր գրել: Որովհետև եթե հիրավի գովության արժանի են թագավորներից նրանք, որոնք իրենց ժամանակները գրով ու պատմությամբ հաստատեցին և յուրաքանչյուրն իր իմաստության գործերն ու քաջությունն արձանագրեց պատմագրությունների և պատմությունների մեջ. նրանցից հետո մեր կողմից գովասանական խոսքերի արժանացան նաև այն մատենագիրները, որոնք այս ծանր աշխատանքով պարապեցին: Սրա շնորհիվ մենք էլ նրանց շարադրած գրվածքները կարդալիս աշխարհական կարգերի գիտություն ենք ձեռք բերում և քաղաքական կարգեր ենք սովորում, երբ ուսումնասիրում ենք այսպիսի գիտական ճառեր և պատմական գրվածքներ, ինչպես ունեն քաղդեացիները և ասորեստանցիները, եգիպտացիները և հելլենացիները: Սրա հետ միասին գուցե նաև փափագենք այն մարդկանց իմաստության, որոնք այսպիսի աշխատանք հանձն առան: Ապա ուրեմն մեզ ամենիս հայտնի է մեր թագավորների և մյուս նախնիքների տխմարությունը դեպի գիտությունը և բանական հոգու անկատարությունը: Որովհետև թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրումն էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել, որ նրանցից ոչ ոք հոգ չտարավ գրի առնելու: Արդ` այն մարդկանց, որոնք չմտածեցին նույնիսկ իրենց բարիք անել և անուն ու հիշատակ թողնել աշխարհում, որքա՛ն կհարմարի մեր մեղադրանքը այնպիսիներին և դեռ նրանցից ավելի մեծ բաներ պահանջել, այսինքն` իրենցից առաջ եղածները:
Բայց գուցե մեկն ասի. այն ժամանակ գիր ու գրականություն չլինելու պատճառով եղավ այդ, կամ զանազան պատերազմների շնորհիվ, որ անընդհատ մեկը մյուսին հաջորդում էին: Բայց իրավացի չի լինի այսպես կարծելը, որովհետև պատերազմներն ընդմիջումներ էլ են ունեցել, և կային պարսից և հունաց գրեր, որոնցով գրված այժմ գտնվում են մեզ մոտ անթիվ քանակությամբ գրություններ, գյուղերի ու գավառների, յուրաքանչյուր տների սեփականության, ընդհանուր վեճերի ու դաշինքների, մանավանդ սեպուհական ազնվականության ծագման  վերաբերյալ: Բայց ինձ թվում է, որ ինչպես այժմ, այնպես էլ հին հայերի մոտ սեր չի եղել դեպի գիտությունը և բանավոր երգերը: Ուստի ավելորդ է մեզ այլևս խոսել անբան, թուլամիտ և վայրենի մարդկանց մասին:
Բայց ես շատ եմ զարմանում քո մտքի բեղմնավորության վրա, որ մեր նախարարական ցեղերի հներից սկսած մինչև այժմյանները միայն դու գտնվեցիր այսպիսի մեծ գործի ձեռնարկող և մեզ առաջարկեցիր հետազոտություն կատարել` երկար և շահավոր գործով ճշտությամբ գրել մեր ազգի պատմությունը, թագավորների և նախարարական ցեղերի և տոհմերի մասին, թե ով ումից է ծագել, ինչ է գործել նրանցից յուրաքանչյուրը, և որն այս բաժանված ցեղերից բնիկ մեր ազգից է և որոնք եկվորներ են և հայացված բնիկ են դարձել, ամեն մեկի գործերն ու ժամանակները գրով դրոշմել, անկարգ աշտարակի շինությունից սկսած մինչև ներկա ժամանակս – նկատելով այս քեզ համար գեղեցիկ փառք և բավականություն առանց նեղության: 
Այս առիթով այսքան միայն կասեմ. կա՞ արդյոք իմ ձեռքի տակ մատյան, ինչպես ասված է Հոբի գրքում, կամ քո հայրենիքն ունի գրականություն, որոնց միջոցով գուցե եբրայեցի պատմագիրների նման, վերևից մինչև քեզ իջնեմ ճյուղագրությունը անսխալ կերպով, կամ թե քեզնից և ուրիշներից սկսելով դեպի վեր տանեմ մինչև սկիզբը: Բայց և այնպես կսկսեմ թեպետ և դժվարությամբ, միայն թե որևէ մեկը շնորհակալ լինի մեր կրած նեղությունների համար: Եվ կսկսեմ նրանից, որից սկսում են և ուրիշները, ոմանք ըստ եկեղեցական պատմության, ոմանք էլ ըստ Քրիստոսի, ավելորդ համարելով երկրորդել արտաքին հեղինակների առասպելները սկզբնական պատմության մասին, բայց հետագայից կհիշենք որոշ ժամանակներ և հայտնի անձեր, որքան նրանք զուգադիպում են Սուրբ գրքի պատմությանը, մինչև որ բնականաբար կհասնենք հեթանոսական զրույցներին, բայց սրանցից էլ կառնենք, ինչ որ հավաստի կհամարենք:


Դ

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՄՅՈՒՍ ՊԱՏՄԱԳԻՐՆԵՐԸ ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ (Ս. ԳՐՔԻՆ) ԱԴԱՄԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ

Ամբողջ մարդկության արմատի կամ, եթե մեկը կամենա ասել, ծայրի մասին պետք է մեզ մի քանի խոսք ասել, թե ինչու մյուս պատմագիրները, ինչպես Բերոսոսը, Բազմավեպը և Աբյուդենոսը, Ս. Հոգուն հակառակ դատելով չհամաձայնեցին Ս. Գրքին, ինչպես նաև նույնինքն նավակառույցի և մյուս նահապետների մասին, ոչ միայն անունների և ժամանակների վերաբերյալ, այլև մարդկային ցեղի սկիզբը կարգելու առթիվ, որ մեզ համար ստույգ և արժանահավատ է:
Որովհետև Աբյուդենոսը, մյուսների նման, այսպես է ասում նրա մասին «Ամենախնամ Աստված նրան նշանակեց ժողովրդին հովիվ և առաջնորդ»: Որից հետո ասում է.
 «Ազովրոսը թագավորեց տասը շար», որ լինում է երեսունվեց հազար տարի: Նույնպես և Նոյի համար գործ են ածում ուրիշ անուն և վերագրում են նրան խիստ երկար ժամանակ, թեպետև ջրերի սաստիկ հորդության և երկրի ոչնչացման վերաբերմամբ խոսում են համաձայն Սուրբ գրքի պատմածին, նույնպես և նահապետների թիվը, Քսիսութրոսով միասին տասն են հաշվում: Այս ըստ արեգակնային չորս ժամանակյա տարու հաշվելով ոչ միայն չի համապատասխանում մեր տարիներին, մանավանդ նաև Աստվածաշնչի, այլև հեռանում է եգիպտացիների տարիներից, որոնք Լուսնի ծնունդներով են հաշվում: Նույնիսկ եթե աստվածների վերաբերյալ ոմանց ասածները մեկն ու մեկը տարիներ համարի և զուգադրելով համեմատի առաջարկված անսահման թվերին` ճշմարտությանը մոտեցնելու, երբեմն պակաս կստացվի և երբեմն մեծ թիվ կազմի: Պետք է այստեղ իսկապես նրանց կարծիքներն ըստ մեր կարողության բացատրել, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ մտածեց այս բաները այսպես գրել, բայց մեր առաջիկա գործի երկարության պատճառով` այդ բանը կթողնենք ուրիշ տեղի և ժամանակի և մեր խոսքը կընդհատենք այստեղ, ու կսկսենք պատմել հետևյալի մասին, ինչպես որ համոզված ենք:
Ադամը նախաստեղծ է. սա երկու հարյուր երեսուն տարեկան ժամանակ սերում է Սեթին: Սեթը երկու հարյուր հինգ տարեկան` սերում է Ենովսին: Սրան են պատկանում արձանագրություններից երկուսը` երկու գալիք դիպվածների դեմ, ինչպես ասում է Հովսեփոսը, թեպետ անհայտ է նրանց տեղը: Ենովսը առաջինն եղավ, որ հուսաց Աստծու անունը տալ:
Եվ ինչո՞ւ արդյոք այս և կամ ի՞նչ պատճառով սա առաջինը հուսաց` Աստված կոչելու, և ինչպե՞ս պետք է հասկանալ կոչել բառը: Որովհետև Ադամը իսկապես աստվածաստեղծ է: Սա, ասվում է, Աստծու բերանից պատվեր ստացավ, բայց և հանցանք գործելով ու թաք կենալով` «ուր ես»-ը նրանից է հարցվում և ոչ ուրիշ մեկից, նույնպես և վճիռը նրա բերանից է լսում: Իսկ հետո Աբելը Աստծուն մերձավոր ու ծանոթ լինելով` նրան զոհ է մատուցանում, որ ընդունելի է լինում: 
 Արդ` երբ սրանք Աստծուց ընդունված ու նրան ճանաչում էին, ինչու սրա, Ենովսի մասին է ասվում, թե առաջինը նա Աստված անվանեց և այն էլ` հուսով: Արդ` սրա մասին եղած փաստերից մեր հավաքածը կտեղադրենք, իսկ ինչ որ առձեռն պատրաստ է, կասենք:
 Որովհետև մարդկանց առաջինը պատվիրանազանց գտնվելով, իր գործած չարիքի պատճառով արտաքսվեց դրախտից և Աստծու տեսությունից, ինչպես ասված է: Հետո Ադամի որդիներից Աբելը ամենից մտերիմը Աստծուն, սպանվում է իր հարազատ եղբորից: Այնուհետև ոչ աստծվային խոսք և ոչ որևէ հայտնություն լինելով` մարդկային ցեղը ընկնում է տարակուսանքի և անհուսության մեջ, այլև իսկապես քմահաճ գործերի մեջ: Սրանց մեջ սա լիահույս լինելով ուղղամտությամբ կոչում է Աստծուն: Իսկ կոչելը երկու կերպ կարելի հասկանալ – կա՛մ անվանել, ինչպես մի մոռացված բան, կա՛մ օգնություն կանչել: Արդ` անվանել հասկանալը, ինչպես մոռացվածի, հարմար չէ, որովհետև այնքան շատ տարիներ չէին անցել, որ Աստված անունը նրանց մոռացնել տային կամ հենց նրան, որ այս անունով կոչվում էր, և դեռ նույնիսկ Աստծուց ստեղծվածը մահվան և թաղման չէր հասել: Ուրեմն սա` Ենովսը, Աստծուն օգնության է կանչում:
Սա հարյուր իննսուն տարեկան` սերում է Կայնանին: Կայնան հարյուր յոթանասուն տարեկան` սերում է Մաղաղայելին: Մաղաղայելը հարյուր վաթսունհինգ տարեկան սերում է Հարեղին, Հարեղը հարյուր վաթսուներկու տարեկան` սերում է Ենովքին, Ենովքը հարյուր վաթսունհինգ տարեկան` սերում է Մաթուսաղային: Մաթուսաղային սերելուց հետո նա երկու հարյուր տարի արժանավոր և հաճելի վարք ունենալով, ինչպես գիտե նա, որ հաճեց ամբարիշտների միջից տեղափոխվեց, ինչպես ասված է, որի պատճառը հետո կտանք: Մաթուսաղան հարյուր վաթսունհինգ տարեկան` սերում է Ղամեքին: Ղամեքը հարյուր ութսունութ տարեկան սերում է մի որդի և անունը դնում է Նոյ:

 ՆՈՅԻ ՄԱՍԻՆ

Եվ ինչո՞ւ արդյոք միայն սրան որդի անունով կոչեց, իսկ բոլոր մյուսների մասին պարզաբար ասաց, թե սերեցին. սրա մասին հայրն ինչ որ հակառակ բան է գուշակում.- «Սա մեզ կհանգստացնի, ասում է նա, մեր գործերից, մեր ձեռքերի նեղությունից և Աստծու անիծած երկրից», որ իրոք եղավ ոչ թե հանգիստ, այլ ջնջում ամեն բանի, որ երկրի վրա կար: Ինձ թվում է, թե «հանգստացնելը» նշանակում է դադարեցնել, իսկ դադարեցնելը` ամբարշտությունը և բոլոր չարիքները վերացնելն է` երկրորդ դարի զազրագործ մարդկանց սատակումով: Որովհետև գեղեցիկ ասաց. «մեր գործերից» այսինքն անօրինություններից, և «ձեռքերի նեղությունից», որոնցով պղծություն ենք կատարում: Բայց ըստ այս մարգարեության հիրավի հանգչում են, բայց ոչ բոլորը, այլ առաքինությամբ կատարյալ հոգիները, երբ չարիքներն, որպես հեղեղով ջնջված, մաքրվում են, ինչպես Նոյի ժամանակ չար գործերի անձնատուր մարդիկ: Իսկ որդի անունով մեծարեց Ս. գիրքը Նոյին, իբրև հայտնի ու նշանավոր մարդու և հայրենական առաքինությունների արժանավոր ժառանգի:

Ե

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՆՈՅԻ ՈՐԴԻՆԵՐԻ ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍԱՐ Է ԳԱԼԻՍ ՄԻՆՉԵՎ ԱԲՐԱՀԱՄԸ, ՆԻՆՈՍԸ ԵՎ ԱՐԱՄԸ, ԵՎ ԹԵ ՆԻՆՈՍԸ ՈՉ ԲԵԼՆ է ԵՎ ՈՉ ԲԵԼԻ ՈՐԴԻՆ

Եվ այս հայտնի է ամենքին, թե դժվարագյուտ և տաժանելի է ժամանակագրություն կազմելը սկզբից մինչև մեր ժամանակները, մանավանդ որոշելը նախարարական ցեղերի սերումը Նոյի երեք որդիներից: Որքան էլ որևէ մեկը կամենա հետազոտել ըստ դարերի մանավանդ որ Ս. գիրքը յուրայիններին զատելով իբրև իր սեփական ազգ` մյուսներինը լքեց, իբրև արհամարհելի և իր կողմից նշանակվելու անարժան: Սրանց մասին մենք կսկսենք խոսել, որքան կարող ենք, ինչպես որ հավաստին գտանք հին պատմությունների մեջ, որոնք ըստ մեզ կատարելապես ճշմարիտ են: Իսկ դու, ո՛վ ուշիմ ընթերցող, նայի՛ր այստեղ երեք ցեղերի շարքի հավասարությանը մինչև Աբրահամը, Նինոսը ու Արամը և զարմացիր:
Սեմը հարյուր տարեկան հասակում, ջրհեղեղից երկու տարի հետո, ըստ Ս. գրքի, սերում է Արփաքսաթին:

  ՍԵՄ

Սեմը հարյուր տարեկան` սերում է Արփաքսաթին:
Արփաքսաթը հարյուր երեսունհինգ տարեկան` սերում է Կայինանին:
Կայինանը հարյուր քսան տարեկան` սերում է Սաղային:
Սաղան հարյուր երեսուն տարեկան` սերում է Եբերին:
Եբերը հարյուր երեսունչորս տարեկան` սերում է Փաղեկին:
Փաղեկը հարյուր երեսուներեք տարեկան` սերում է Ռագավին:
Ռագավը հարյուր երեսուն տարեկան` սերում է Սերուքին:
Սերուքը հարյուր երեսուն տարեկան` սերում է Նաքովրին:
Նաքովրը յոթանասունինը տարեկան` սերում է Թարային:
Թարան յոթանասուն տարեկան` սերում է Աբրահամին:

 ՔԱՄ

Քամը սերում է Քուշին:
Քուշը սերում է Մեստրայիմին:
Մեստրայիմը սերում է Նեբրովթին:
Նեբրովթը սերում է Բաբին:
Բաբը սերում է Անեբիսին:
Անեբիսը սերում է Արբելին:
Արբելը սերում է Քայաղին:
Քայաղը սերում է մյուս Արբելին:
Արբելը սերում է Նինոսին:
Նինոսը սերում է Նինուասին:

ՀԱԲԵԹ

Հաբեթը սերում է Գամերին:
Գամերը սերում է Թիրասին:
Թիրասը սերում է Թորգոմին:
Թորգոմը սերում է Հայկին:
Հայկը սերում է Արամանյակին:
Արամանյակը սերում է Արամայիսին:
Արամայիսը սերում է Ամասիային:
Ամասիան սերում է Գեղամին:
Գեղամը սերում է Հարմային:
Հարման սերում է Արամին:
Արամը սերում է Արա Գեղեցիկին:

Արդ` Կայինանին իբրև Նոյից չորրորդ և Սեմից երրորդ են համարում բոլոր ժամանակագիրները: Նույնպես և Թիրասին Նոյից չորրորդ և Հաբեթից երրորդ, թեպետ ըստ մեր հայերեն թարգմանության ոչ մի տեղ չի գտնվում ուղղակի ճյուղագրության մեջ: Իսկ Մեստրայիմին, իբրև Նոյից չորրորդ և Քամից երրորդ նշանակված, չենք գտնում ո՛չ մեր թարգմանության մեջ և ո՛չ որևէ ժամանակարգի կողմից: Բայց այսպես սրան նշանակված գտանք մի շատ ուշիմ և ընթերցասեր ոմն ասորու կողմից և մեզ հավանական թվաց նրա ասածը: Որովհետև այդ Մեստրայիմը Մեծրայիմն է, որի տակ հասկացվում է Եգիպտոսը: Եվ ժամանակագիրներից շատերը Նեբրովթին, որ Բելն է, եթովպացի եղած ասելով, համոզեցին մեզ, որ այսպես ստույգ է, Նեբրովթը, այսինքն` Բելը, եթովպացի է եղել` մենք համոզվեցինք, որ իսկապես այսպես է եղել, Եթովպիան Եգիպտոսին սահմանակից լինելու պատճառով:
Սրանից հետո այս էլ ասենք, որ թեպետ Քամի սերունդների տարիները մինչև Նինոսը, և ոչ իսկ ստուգապես նույն իրեն Նինոսինը, ոչ մի տեղ թվարկված չեն, կամ թե մեզ չեն հասել, իսկ մեր Հաբեթի սերունդներինը բոլորովին չկան,- բայց և այնպես վերը բերված ազգաբանությունը հավաստի է, քանի որ երեք ցեղերն էլ տասնմեկական սերունդ են կազմում մինչև Աբրահամը, մինչև Նինոսը և մինչև մեր Արամը, որովհետև Արան, տասներկուերորդը, Նինոսից հետո է և երիտասարդ հասակումն է վախճանվել: Եվ որ սա ճշմարիտ է, ոչ ոք թող չկասկածի, որովհետև այս բաները մեզ պատմում է շատ բաներում վստահելի Աբյուդենոսը, որ ասում է այսպես. «Նինոս որդի Արբեղի, որդի Քայաղի, որդի Արբեղի, որդի Անեբի, որդի Բաբի, որդի Բելի»: Նույնպես մերը, Հայկից մինչև Արա Գեղեցիկը, որին վավաշոտ Շամիրամն սպանեց` թվարկվում է այսպես. «Արա Գեղեցիկը որդի Արամի, որդի Հարմայի, որդի Գեղամի, որդի Ամասիայի, որդի Արամայիսի, որդի Արամանյակի, որդի Հայկի, որ դուրս եկավ Բելին հակառակորդ և միաժամանակ նրա կյանքին վերջ դնող»: Այս բանն ասում է Աբյուդենոսը իր առաջին առանձին մանր ազգաբանության մեջ, որ վերջերս ոմանք դեն գցեցին:
Սրանց վկայում է և Կեփաղիոնը, որովհետև ասում է իր գրքի գլուխներից մեկում. «Մեր աշխատության սկզբում սկսեցինք մանրամասն գրել բոլոր ազգաբանություններն արքունական դիվաններից առնելով, բայց թագավորներից հրաման ստացանք` հներից բաց թողնել աննշան և վատասիրտ մարդկանց հիշատակությունը, այլ հիշել միայն քաջ, իմաստուն և աշխարհակալ նախնիքներին և մեր ժամանակն իզուր չվատնել» և այլն:
 Այլ մեզ բոլորովին օտարոտի և ճշմարտությունից դուրս է թվում այն, որ ասում են, իբր թե Նինոսը Բելի որդին է կամ նույն ինքը Բելը, որովհետև ոչ ազգաբանությունը, ոչ էլ տարիների գումարումը այս չեն հաստատում. գուցե մեկը այս երկուսի, նշանավոր և անվանի լինելու պատճառով պատշաճ համարած լինի հեռավորին իբրև մոտավոր նշանակել:
Այս բաներն իսկապես մենք գտանք հունարեն գրականության մեջ: Թեպետև իրենք հույները քաղդեերենից փոխադրեցին իրենց լեզվին, և թեպետ քաղդեացիները կամ ինքնաբերաբար` հոժար կամքով այս կատարեցին, կամ թագավորների հրամանից հարկադրված` ինչպես մի ոմն Առիոս և ուրիշ շատերը, բայց մենք հույներին ենք համարում, նրանցից ուսած լինելով:


Զ

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՄՅՈՒՍ ՀՆԱԽՈՍՆԵՐԸ ՈՐՈՇ ԲԱՆԵՐՈՒՄ ՄՈՎՍԵՍ ՄԱՐԳԱՐԵԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ ԵՎ ՈՐՈՇ ԲԱՆԵՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ, ԵՎ ՈԼՈՄՊԻՈԴՈՐՈՍ ՓԻԼԻՍՈՓԱՅԻ ՀԻՆ ԱՆԳԻՐ ԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բազմաթիվ գրվածքներից ընտրելով հավաստին, որքան կարողացանք` նշանակեցինք Նոյի երեք որդիների սերունդները մինչև Աբրահամը, մինչև Նինոսը, մինչև Արամը, որին կարծում եմ, խելացի մարդկանցից ոչ ոք չի հակառակի, եթե միայն մարդ չցանկանա պատմության ճիշտ կարգը խանգարելով, ճշմարիտ պատմություններն առասպելների վերածել: Այս բաներով թող ամեն մեկը ուրախանա՝ ինչպես կամենում է:
Բայց եթե դու շնորհակալ լինես մեր նեղությունների և ջանքերի համար, ո՛վ ուսումնասեր և մեզ այս հարցերում աշխատեցնող, համառոտ խոսքերով կհիշատակեմ, թե հին վիպագիրներն ինչպես գրեցին մեր վերը շարակարգածի մասին, թեպետ ներկայումս չեմ կարող ասել, թե արդյոք թագավորների մատենադարաններում այնպես գտան, թե ամեն մեկն ըստ իր ճաշակի կամեցավ փոփոխել անունները, զրույցները և ժամանակները, կամ թե մի ուրիշ որևէ պատճառով: Բայց ինչպես սկզբի մասին երբեմն ճշմարիտ են ասում և երբեմն ստում են,- օրինակ` նախաստեղծին չկոչելով առաջին մարդ, այլ թագավոր, նրան օտարոտի և նշանակությունից զուրկ անուն տալով և երեսունվեց հազար տարվա կյանք վերագրելով ստում են, իսկ նահապետների թվով և ջրհեղեղի հիշատակությամբ զուգընթանում են Մովսես մարգարեին,- այնպես էլ ջրհեղեղից հետո երեք անվանի մարդիկ նշանակելով աշտարակաշինությունից առաջ և Քսիսութրիոսի Հայաստան նավարկությունից հետո` ճշմարիտ են խոսում: Իսկ անունների փոփոխումով և ուրիշ շատ բաներով ստում են:
Բայց ես այժմ կուրախանամ՝ իմ առաջիկա խոսքերը սկսելով ինձ սիրելի և շատերից ավելի ճշմարտախոս Բերոսյան Սիբիլլայից: Նա ասում է. «Նախքան աշտարակը և մարդկային խոսակցության բազմալեզու դառնալը, և Քսիսութրիոսի դեպի Հայաստան նավարկությունից հետո, երկրի իշխաններ են դառնում Զրվանը, Տիտանը և Հապետոսթեն», որ ինձ թվում են Սեմը, Քամը և Հաբեթը:
«Երբ նրանք, ասում է նա, ամբողջ աշխարհը բաժանում էին իրենց իշխանությունների մեջ, Զրվանը զորեղանալով տիրում է մյուս երկուսի վրա»: Հետո արդեն Զրադաշտ մոգը` բակտրիացիների, այսինքն մեդեացիների թագավորը, այս Զրվանին կոչեց սկիզբ և աստվածների հայր և էլի ուրիշ շատ բաներ նրա մասին առասպելաբանեց, որոնք կրկնելը անտեղի ենք համարում: 
«Արդ` երբ Զրվանը բռնացավ, ասում է Սիբիլլան, Տիտանը և Հապետոսթեն նրան դիմադրություն ցույց տվին` նրա հետ պատերազմի բռնվելով, որովհետև նա մտադրություն ուներ իր որդիներին բոլորի վրա թագավորեցնել: Այս խառնակության ժամանակ, ասում է, Տիտանը հափշտակեց Զրվանի ժառանգության սահմաններից մի մասը: Այս ժամանակ մեջ մտավ նրանց քույր Աստղիկը և համոզելով, խռովությունը դադարեցրեց: Տիտանը և Հապետոսթեն համաձայնում են, որ Զրվանը թագավորի, բայց ուխտով և երդումով դաշինք են հաստատում, որ Զրվանից ծնվելիք բոլոր արուներին սպանեն, որպեսզի սերնդեսերունդ չթագավորի. այս նպատակով հզոր մարդկանց վերահսկող նշանակեցին նրա կանանց ծնունդների վրա: Եվ երբ երկուսին սպանեցին, երդումը և ուխտը հաստատ պահելու համար, ապա Աստղիկ քույրը Զրվանի կանանց հետ միասին համոզում են Տիտաններից մի քանիսին` մյուս մանուկներին կենդանի պահել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որին ասում էին Դյուցնկեց, իսկ այժմ կոչվում է Ոլիմպոս:
 Արդ` այս բաները ուրիշ մեկը թեկուզ առասպել` թեկուզ ճշմարտություն համարի, բայց ես հավատացած եմ, որ շատ բան ճշմարիտ է: Որովհետև Կիպրոսի Կոստանդիա քաղաքի եպիսկոպոս Եպիփանը հերձվածների դեմ գրած գրքում, երբ ձեռնարկում է ապացուցանել Աստծու ճշմարտությունն ու արդարադատությունը` այսպես է ասում իսրայելացիների ձեռքով յոթն ազգերի ոչնչացման մասին: Աստված արդարադատությամբ ոչնչացրեց այդ ազգերը իսրայելացիների առջևից, որովհետև նրանց կալվածների հողն ընկնում էր Սեմի որդինրի բաժնի մեջ, իսկ Քամը հարձակվելով բռնությամբ հափշտակեց այդ երկիրը, իսկ Աստված երդմամբ տրված ուխտի իրավունքը պաշտպանելով վրեժ է առնում Քամի ցեղից և ժառանգությունը վերադարձնում է Սեմի որդիներին: Բայց Տիտաններին և Ռափայիմներին Ս. Գիրքն էլ հիշում է:
Բայց մենք պետք է թեկուզ շատ կարճառոտ կրկնենք ոմանց անգիր հին զրույցները, որ վաղ ժամանակ պատմվում էին հունաց իմաստունների մեջ: Այս զրույցները մեզ հասան Գորգի և Բանան կոչված անձերի ձեռքով, ինչպես և երրորդի` ոմն Դավթի միջոցով: Սրանցից մեկը, փիլիսոփայություն ուսած, այսպես էր ասում. «Ո՛վ ծերեր, երբ ես Հունաստանում էի և ուսանում էի գիտություններ` մի օր դեպք եղավ, որ իմաստուն և բազմահմուտ անձերի մեջ խոսակցություն բացվեց աշխարհագրության և ազգերի բաժանման մասին: Ոմանք գրքերը բացատրում էին այլաբանորեն, ոմանք ուրիշ կերպ: Իսկ Ոլիմպիոդորոս  անունով մեկը, որ նրանց մեջ ամենահմուտն էր, այսպես ասաց. «Ձեզ կպատմեմ անգիր զրույցներ, որ ավանդաբար հասել են մինչև մեզ, որ գեղջուկներից շատերն էլ մինչև այժմ պատմում են: Եղել է մի մատյան Քսիսութրիոսի և նրա որդիների մասին, որ այժմ ոչ մի տեղ չի երևում, որի մեջ ասում են, պատմվելիս է եղել այսպես: Երբ Քսիսութրիոսը նավեց դեպի Հայաստան և ցամաքի հանդիպեց` նրա որդիներից մեկը, Սեմ անունով, գնաց դեպի հյուսիսային արևմուտք` երկիրը դիտելու. հանդիպեց մի փոքր դաշտի մի երկայնանիստ լեռան մոտ, որի դաշտի միջով գետ էր հոսում դեպի Ասորեստանի կողմերը: Այստեղ գետի մոտ նա կանգ է առնում ու մնում է երկու լուսնական ամիս, լեռն իր անունով կոչում է Սիմ և նորից վերադառնում է արևելահարավ` որտեղից որ եկել էր: Իսկ նրա կրտսերագույն որդիներից Տարբան անունով մեկը երեսուն ուստրերով և տասնհինգ դուստրերով ու սրանց ամուսիններով, հորից բաժանվելով բնակություն է հաստատում հենց այնտեղ նույն գետի ափին, որի անունով էլ գավառը կոչվում է Տարավն կամ Տարոն, իսկ այն տեղը, որտեղ Տարբանը բնակվեց, կոչվում է Ցրոնք, որովհետև այնտեղ առաջին անգամ որդիները բաժանվեցին նրանցից: Դարձյալ պատմում էին, թե նա կարճ օրեր ապրել է բակտրիացիների սահմանների մոտ, և այստեղ էլ մնացել է նրա որդիներից մեկը: Որովհետև արևելքի կողմերում Սեմին Զրվան են կոչում, իսկ գավառը կոչում են Զարվանդ մինչև այսօր»: Բայց ավելի հաճախ Արամյան ազգի ծերունիները փանդիռների նվագակցությամբ ցուցքերի և պարերի երգերում  հիշատակում են այս բաները:
Եվ այս զրույցները սուտ են թե իրոք եղած` մեզ համար կարևոր չէ, միայն որպեսզի դու ամեն բան գիտենաս, այս գրքում զետեղում եմ` ինչ որ լսովի գիտեմ և ինչ որ գրքերից, որպեսզի իմանաս իմ մտքի անկեղծությունը դեպի քեզ:


Է

ՀԱՄԱՌՈՏ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԲԵԼ ԿՈՉԱԾԸ ԸՍՏ Ս. ԳՐՔԻ ԻՍԿԱՊԵՍ ՆԵԲՐՈՎԹՆ Է

Բելի մասին, որին ժամանակակից էր մեր նախնին` Հայկը, շատերը շատ բաներ խառնաշփոթ են պատմում, բայց ես ասում եմ, թե Կռոնոս  կոչվածը և Բելը` Նեբրովթն է եղել, ինչպես եգիպտացիները Մովսեսի նման թվում են` Հեփեստոս, Արեգակ, Կռոնոս, որոնք են Քամը, Քուշը, Նեբրովթը, բաց թողնելով Մեստրայիմին, որովհետև նրանք ասում են, թե իրենց առաջին մարդն եղել է Հեփեստոսը, որ գտել է կրակը: Թե ինչու է սա կոչվում կրակը գտնող, կամ որ Պրոմեթեոսը գողացել է կրակն աստվածներից և շնորհել մարդկանց, որ այլաբանություն է և մեր նյութին չի վերաբերում: Նաև եգիպտացիների թագավորական ցեղերի կարգը և տարիների գումարումը Հովիվների թագավորական հարստություններից մինչև Հեփեստոս հավասար է գալիս եբրայեցոց, Հովսեփի ժամանակներից մինչև Սեմը, Քամը և Հաբեթը:
Այսքանը բավական կհամարենք այս հարցերի մասին: Որովհետև եթե աշտարակաշինությունից սկսած մինչև ներկա ժամանակներս պատահած բոլոր բաները ջանանք մեջ բերել մեր պատմության մեջ ի գիտություն քեզ, ապա երբ կհասնենք քո ցանկացած պատմական զրույցներին, մանավանդ որ մեր առաջիկա գործն երկար է, իսկ մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ: Ուստի կսկսեմ քեզ ցույց տալ մեր պատմությունը, թե որտեղից և ինչպես սկսվեց:


Ը

ԹԵ ՈՎ ԵՎ ՈՐՏԵՂԻՑ ԳՏԱՎ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պատմում են, թե Արշակ Մեծը` Պարսից և Պարթևների թագավորը, որ ինքն էլ ցեղով պարթև էր, ապստամբվեց մակեդոնացիների դեմ, թագավորեց ամբողջ Արևելքի և Ասորեստանի վրա, սպանեց Նինվեում Անտիոքոս թագավորին և ամբողջ տիեզերքը հնազանդեցրեց իրեն: Սա իր եղբորը` Վաղարշակին թագավորեցնում է Հայաստանի վրա, նպատակահարմար համարելով, որպեսզի իր թագավորությունն անխախտ մնա: Նրան մայրաքաղաք է տալիս Մծբինը և նրա համար սահմաններ է որոշում` Ասորիքի արևմտյան կողմից մի մասը, Պաղեստինը, Ասիան, ամբողջ Միջերկրայքը  և Թետալիան,  Պոնտոս ծովից մինչև այնտեղ, ուր Կովկասը վերջանում է արևմտյան ծովի մոտ, նաև Ատրպատականը, և էլի` որքան քո միտքն ու քաջությունը կհասնեն, որովհետև, ասում են` քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է:
Սա իր իշխանությունը լիովին կարգի բերելով և իր թագավորությունը հաստատելով` կամեցավ իմանալ, թե ովքեր արդյոք և ինչպիսի մարդիկ տիրելիս են եղել Հայաստանի վրա իրենից առաջ, արդյոք ինքը անցյալ քաջերի տեղն է գրավում, թե ապիկարների: Նա գտավ մի ուշիմ ասորի, Մար Աբաս Կատինա անունով, քաղդեական և հունական գրության մեջ վարժ, և նրան ուղարկեց իր եղբոր` Արշակ Մեծի մոտ արժանավայել ընծաներով, խնդրելով բանալ նրա առաջ արքունական դիվանը: Եվ նրան նամակ է գրում հետևյալ ձևով:


Թ

ՀԱՅՈՑ ՎԱՂԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԹՈՒՂԹԸ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐ ԱՐՇԱԿ ՄԵԾԻՆ

«Ցամաքի և ծովի Արշակ թագավոր, քո անձն ու կերպարանքն իսկապես մեր աստվածներին են նման, իսկ բախտն ու հաջողությունները` բոլոր թագավորներից գերազանց և մտքիդ լայնությունը` ինչպես երկինքը երկրի վրա, Վաղարշակը` քո կրտսեր եղբայրն ու նիզակակիցը, որ քեզանից նշանակվեց Հայոց թագավոր: Ողջ եղիր մշտական հաղթությամբ:
Որովհետև քեզանից պատվեր ստացա քաջության և ամեն տեսակ իմաստության հոգ տանել, երբեք զանց չարի քո խրատն անփութությամբ, այլ ամեն բանի խնամք և հոգ տարա` որքան միտքս ու ուժերս բավեցին: Եվ այժմ քո խնամակալությամբ թագավորությունս կարգավորելով` մտադրվեցի իմանալ, թե ինձանից առաջ ովքեր են տիրել Հայաստանին և որտեղից են այս նախարարությունները, որ այստեղ կան: Որովհետև այստեղ ոչ հայտնի կարգեր են եղել և ոչ մեհենական պաշտամունքներ, և այս երկրի գլխավորներից ոչ առաջինն է հայտնի և ոչ վերջինը, և ոչ էլ որևէ օրինավոր բան կա, այլ ամեն ինչ խառնիխուռն է ու վայրիվերո:
Ուստի աղաչում եմ քեզ` արքայությանդ, որ հրամայես արքունական դիվանը բանալ քո հզոր արքայությանդ ներկայացնող այդ մարդու առաջ, որպեսզի քո եղբոր և որդու ցանկալին գտնելով` փութով բերի: Հավատացնում եմ, որ մեր բավականությունը, որ կունենանք քո կամքը կատարելով, քեզ ևս ուրախություն կլինի: Ողջ եղիր, աստվածների մեջ բնակությամբ երևելիդ»:
Արշակ Մեծն ընդունելով Մար Աբաս Կատինայից գրությունը, մեծ ուրախությամբ հրամայում է բանալ նրա առաջ արքունական դիվանը, որ Նինվեումն էր, միանգամայն ուրախանալով, որ այսպիսի մտադրություն ունի իր եղբայրը, որին վստահել էր իր թագավորության կեսը: Մար Աբասը աչքի անցկացնելով բոլոր մատյանները` գտնում է մի մատյան հունարեն գրված, որ ուներ, ասում է, այսպիսի վերնագիր. 

Մատյանի սկիզբը

Այս մատյանն Աղեքսանդրի հրամանով քաղդեերեն լեզվից թարգմանված է հունարենի և պատկանում է բուն հների և նախնիքների պատմությունները:
Սրա սկզբում, ասում է, եղել են Զրվանը, Տիտանը և Հապետոսթեն, և այս երեք նախարարական մարդկանց սերունդներից բոլոր նշանավոր մարդիկ, յուրաքանչյուրն իր տեղում հերթով դասավորված է երկար տարիների ընթացքում:
Մար Աբաս Կատինան այս մատյանից հանելով միայն մեր ազգի հավաստի պատմությունը հույն և ասորի գրերով` բերում է Մծբին` Վաղարշակ թագավորին: Եվ բարեկազմ ու քաջ աղեղնավոր արի Վաղարշակը, հռետորն ու հանճարեղը, ընդունելով այն` համարելով առաջինն իր գանձերի մեջ` հրամայում է մեծ զգուշությամբ պահել արքունիքում և մի մասը նրանցից արձանի վրա դրոշմել: Սրանից մենք հավաստի տեղեկանալով զրույցների կարգին` կկրկնենք այժմ, քո հետաքրքրասիրության համար, հասցնելով մեր բնիկ նախարարությունները մինչև քաղդեացիների Սարդանապալը և դեռ ավելի մոտ:
Դրա մեջ պատմության սկիզբն այսպես է:
«Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի ու աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկան հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնեցին աշտարակաշինության անօրեն խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու: Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է մյուսներին անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում: Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը՝ հաստ աղեղով ու հզոր նետաձիգ, անվանի և քաջ նախարարը»:
Բայց մենք կդադարեցնենք զրուցաբանության այս կարգը, որովհետև մեր նպատակն է ոչ թե պատմությունն ամբողջությանբ գրել, այլ աշխատել ցույց տալ մեր առաջին և բուն հին նախնիքներին: Արդ`  նույն մատյանից սկսելով կասեմ. Հապետոսթե, Մերոգ, Սիրաթ, Թակլադ, որ են Հաբեթը, Գոմերը, Թիրասը, Թորգոմը: Սրանից հետո նույն մատենագիրը շարունակելով ասում է կարգով` Հայկ, Արամանյակ և այլն, որոնց մասին արդեն հիշել ենք:


Ժ

ՀԱՅԿԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այս Հայկը, ասում է, վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների և դյուցազունների վրա տիրապետելու: Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնավորության դեմ այն ժամանակ, երբ մարդկային ազգը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա, բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ: Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ, կատաղած, սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էին մեկը մյուսի վրա տիրելու, Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել: Սրան Հայկը չկամենալով հնազանդվել, Բաբելոնում Արամանյակ որդին ունենալուց հետո, չվեց գնաց Արարադի երկիրը, որ գտնվում է հյուսիսային կողմերում, իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով` թվով մոտ երեք հարյուր հոգի, և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով: Գնում բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից: Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով` այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է ժառանգություն Կադմոսին` Արամանյակի որդուն: Սա ճշտում է ասված անգիր հին զրույցները:
Իսկ ինքը, ասում է Մար Աբասը, իր մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք և գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն` թե այստեղ բնակվողները հայեր են Թորգոմի տան սերունդի: Շինում է մի գյուղ, որն իր անունով կոչվում է Հայկաշեն: Այստեղ էլ պատմության մեջ հիշվում է, թե այս դաշտի հարավային կողմում, մի երկայնանիստ լեռան մոտ, ապրելիս են եղել առաջուց սակավաթիվ մարդիկ, որոնք կամովին հնազանդվել են դյուցազնին: Այս էլ ճշտում է ասված անգիր զրույցները:


ԺԱ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԲԵԼԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Իր խոսքը շարունակելով Մար Աբասը ասում է, թե երբ Տիտանյան Բելը  իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց հյուսիսային կողմ՝ Հայկի մոտ, որ նա հնազանդվի և խաղաղությամբ ապրի: «Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր, ասում է, սակայն տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդվելով խաղաղ ապրիր, որտեղ որ կհաճես իմ երկրում բնակվելու»: Հայկը Բելի պատգամավորներին ետ է դարձնում խստությամբ պատասխանելով: Ուղարկված պատգամավորը վերադառնում է Բաբելոն:
Այն ժամանակ Տիտանյան Բելը զորք է ժողովում նրա դեմ և հետևակ զորքի մեծ բազմությամբ գալիս հասնում է հյուսիս` Արարադ երկիրը, Կադմոսի տան մոտ: Կադմոսը փախուստ է տալիս Հայկի մոտ՝ իրենից առաջ արագավազ սուրհանդակներ ուղարկելով: «Գիտցած եղիր, ասում է, ով մեծդ դյուցազների մեջ, որ Բելը դիմում գալիս է քո վրա հավերժական քաջերով և երկնագեղ հասակով կռվող հսկաներով: Եվ ես իմանալով, որ նա մոտեցել է իմ տանը` փախա և ահա տագնապահար գալիս եմ քեզ մոտ: Ուրեմն շտապիր մտածել, ինչ որ անելու ես»:
Իսկ Բելը հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ, ինչպես մի մեծ հորձանք զառիվայրից ներքև հեղեղելով, շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները, վստահ լինելով զորավոր մարդկանց քաջության և ուժի վրա: Այս ժամանակ ուշիմ և խոհեմ հսկան` գեղագանգուր ու խայտակն, շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին, թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց, և ուրիշ մարդկանց, որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ, որն ունի աղի ջուր և մանր ձկներ: Եվ իր զորքերը կանչելով ասում նրանց. «Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ կանգնած լինի Բելը քաջերի խառն բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի և մենք հաղթություն տանենք»:
Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով հասնում են բարձրագույն լեռների միջև մի դաշտաձև տեղ: Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան սուրում է երկրի երեսի վրա, իսկ ինքը, մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա` իբրև դիտանոցում: Հայկը ճանաչեց սպառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել, և երկար տարածություն կար նրա և ամբոխի միջև: Նա կրում էր նշաններ կրող վերջերով երկաթե գլխանոց, թիկունքի և լանջերի վրա պղնձե տախտակներ, սրունքների և թևերի վրա պահպանակներ, մեջքը կապել էր գոտի, որի ձախ կողմից կախված էր երկսայրի սուրը, աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակը, իսկ ձախում վահան, նրա աջ և ձախ կողմում գտնվում էին ընտիր զորականներ: Հայկը տեսնելով լավ սպառազինված Տիտանյանին և նրա աջ ու ձախ կողմի ընտիր մարդկանց` կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով ձախ կողմը, որովհետև սրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր ետևում, դասավորվեց մոտավորապես եռանկյունի ձևով և հանդարտ առաջ շարժվեց: 
Եվ երկու կողմի հսկաներն միմյանց հասնելով, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևով: Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ սրի բերանի հանդիպելով թավալվում ընկնում էին գետին, և ճակատամարտը երկու կողմից էլ անպարտելի մնաց: Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով Տիտանյան արքան զարհուրեց և ետ քաշվելով սկսեց ետ-ետ բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր, որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատ կազմի: Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով` իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի թափ անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում. այս կերպով գոռոզացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետին և շունչը փչում:
Իսկ ամբոխն այս մեծ քաջագործությունը տեսնելով փախչում է ամեն մեկը իր երեսը դարձած կողմը: Այսքանը բավական թող լինի այս մասին:
 Բայց ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք: Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր: Իսկ այն բլուրը, որտեղ Բելն ընկավ աջ զորականների հետ, Հայկը կոչեց Գերեզմանք, որն այժմ ասվում է Գերեզմանակ: Բայց Բելի դիակը, ասում է Մար Աբասը, դեղերով զմռսելով` Հայկը հրամայում է տանել Հարք և թաղել մի բարձրավանդակ տեղում ի տես իր կանանց և որդիների: Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք:


ԺԲ

ՀԱՅԿԻՑ ՍԵՐՎԱԾ ՑԵՂԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ԹԵ ՆՐԱՆՑԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՆՉ ԳՈՐԾԵՑ

Մար Աբասի մատյանում սրանից հետո ուրիշ շատ բաներ են պատմվում. բայց մենք կշարունակենք այն, որ պիտանի է մեր հավաքման համար:
 Սրանից հետո, ասում է նա, Հայկը դառնում է իր բնակության տեղը, իր Կադմոս թոռին պարգևում է շատ ինչք պատերազմի ավարից և անվանի մարդիկ իր ընդոծիններից: Նրան հրամայում է իր առաջին տանը բնակություն հաստատել, իսկ ինքը գնում դադարում է Հարք կոչված դաշտում: Սա տարիներ ապրելով՝ Արամանյակին սերեց Բաբելոնում, ինչպես վերն ասացինք, դրանից հետո, դարձյալ ոչ քիչ տարիներ ապրելով` մեռավ, ամբողջ տոհմը հանձնելով իր Արամանյակ որդուն:
Սա իր եղբայրներից երկուսին` Խոռին և Մանավազին իրենց ամբողջ աղխով, ինչպես Մանավազի որդի Բազին, թողնում է Հարք կոչված տեղում: Սրանցից Մանավազը ժառանգում է Հարքը, իսկ նրա որդին Բազը ժառանգում է աղի ծովի հյուսիս-արևմտյան ափը և գավառն ու ծովը կոչում է իր անունով: Ասում են, որ սրանցից են առաջ եկել Մանավազյան և Բզնունյանց նահապետությունները, նաև Որդունի կոչվածը, որոնք վերջերս, սուրբ Տրդատից հետո, մեկը մյուսին ոչնչացրին պատերազմով: Իսկ Խոռը բազմանում է հյուսիսային կողմերում, շեներ է հիմնում, և ասում են, որ նրանից սկսած մինչև այժմ շարունակվում է Խոռխոռունիների ցեղի մեծ նախարարությունը, քաջ և անվանի մարդիկ, որոնք այժմ էլ մեր ժամանակ երևելի են:
Իսկ Արամանյակը ամբողջ բազմությունն առնելով չվում է դեպի հյուսիս-արևելք և գնում իջնում է բարձրագագաթ լեռներով շրջապատված մի խոր դաշտավայր, որի միջով մի կարկաչահոս գետ է անցնում արևմտյան կողմից, և դաշտի արևելյան մասը կարծես մեջքի վրա պառկած երկարությամբ ձգված է արեգակի կողմը, իսկ լեռների ստորոտներում բխում են բազմաթիվ ականակիտ աղբյուրներ, որոնք միանալով, գետեր կազմելով, հեզաբար հոսում են նրանց սահմանների մոտ, լեռների ստորոտներով և դաշտի եզրերով, կարծես թե որպես պատանիներ պտտվում են երիտասարդուհիների շուրջը: Իսկ հարավային արեգակնասլաց լեռը, սպիտակափառ գագաթով, ուղիղ բուսել է երկրից` պինդ գոտեվորված մարդու երեքօրյա ճանապարհի շրջապատով, ինչպես ասաց մերոնցից մեկը, և հետզհետե սրվում է դեպի վեր. իսկապես մի ծերունի լեռ՝ երիտասարդացած լեռների մեջ: Արամանյակն այս խոր դաշտում բնակվելով` շենցնում է մի մասը դաշտի հյուսիսային կողմում և լեռան ստորոտը նույն կողմում. լեռն իր անվան նմանողությամբ կոչվում է Արագած, իսկ կալվածը` ոտն Արագածո` Արագածոտն: 
Բայց սքանչելի մի բան է ասում պատմագիրը, թե շատ տեղերում ցիրուցան բնակվում էին սակավաթիվ մարդիկ մեր երկրում նախքան մեր բնիկ նախնի Հայկի գալուստը:
Արամանյակը տարիներ ապրելուց հետո սերեց Արամայիսին, որից հետո էլի բավական տարիներ ապրելով մեռավ: Նրա որդին` Արամայիսն իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունը իր թոռան` Երաստի անունով դնում է Երասխ: Իսկ իր որդուն` բազմազավակ և շատակեր Շարային, ամբողջ աղխով ուղարկում է մի մերձակա արգավանդ ու բերրի դաշտ, հյուսիսային լեռան` Արագածի թիկունքում, որտեղ շատ ջրեր են հոսում: Նրա անունով, ասում են, գավառը կոչվեց Շիրակ: Ուստի, թվում է, թե ճշտվում է գյուղացիների մեջ տարածված առածը. «Թե քո որկորը Շարայի որկորն է, բայց մեր ամբարները Շիրակի ամբարները չեն»: Այս Արամայիսը տարիներ ապրելով սերեց իր որդի Ամասիային, որից հետո էլի տարիներ ապրելով մեռավ:
Ամասիան Արմավիրում բնակվելով` տարիներ անցնելուց հետո սերում է Գեղամին և Գեղամից հետո արի Փառոխին ու Ցոլակին: Սրանց սերելուց հետո գետն անցնում, մոտենում է հարավային լեռան: Այստեղ լեռան ստորոտում` խորշերում խոշոր ծախսերով շինում է երկու տուն, մեկը արևելյան կողմում` լեռան ստորոտից բխող աղբյուրների ակունքների մոտ, իսկ մյուսը` նույն տնից դեպի արևմուտք նրանից հեռու` հետևակ մարդու կես օրվա ճանապարհով երկար օրում: Սրանք նա տվեց ժառանգություն իր երկու որդիներին` արի Փառոնին և կայտառ Ցոլակին, որոնք այնտեղ բնակվելով իրենց անունով կոչեցին այդ տեղերը, Փառոխից` Փառախոտ և Ցոլակից` Ցոլակերտ: Իսկ լեռը Ամասիան իր անունով կոչեց Մասիս և հետո, նորից Արմավիր դառնալով, կարճ տարիներ ապրեց ու մեռավ: 
Իսկ Գեղամը տարիներ անցնելուց հետո Արմավիրում սերեց Հարմային: Նա Հարմային թողեց Արմավիրում բնակվելու իր որդիների հետ, իսկ ինքը գնաց հյուսիս-արևելքում եղած մյուս լեռան ետևի կողմը` մի ծովակի ափ: Նա շենցնում է ծովակի ափը, թողնում է այնտեղ բնակիչներ և իր անունով լեռը կոչում է Գեղ, իսկ շեները` Գեղարքունի, որով կոչվում է նաև ծովը: Այստեղ նա սերեց իր Սիսակ որդուն, որ մի սեգ ու թիկնավետ, վայելչակազմ, ճարտասան և գեղեցիկ աղեղնավոր էր: Նրան տվեց իր ստացվածքի մեծ մասը և բազմաթիվ ծառաներ, և նրան ժառանգական սահման կտրեց ծովից դեպի արևելք մինչև այն դաշտը, ուր Երասխը սեպացած լեռները ճեղքելով, երկար ու նեղ ձորերով անցնելով, ահագին շառաչյունով թափվում է դաշտը: Սիսակն այստեղ բնակվելով՝ իր բնակության սահմանները լցնում է շինություններով և երկիրը իր անունով կոչում է Սյունիք, բայց պարսիկներն ավելի ճիշտ կոչում են Սիսական:
Վերջերը հայոց առաջին թագավոր Վաղարշակը` Պարթև ցեղից, գտնելով սրա սերունդներից անվանի մարդիկ` այս երկրին տերեր է նշանակում, որ Սիսական ցեղն է: Վաղարշակը այս անում է պատմությունից իմանալով, իսկ թե ինչպես այս եղավ, իր տեղում կպատմենք:
Իսկ ինքը Գեղամը նորից դառնում է հիշյալ դաշտը, և նույն լեռան ստորոտում, մի ամուր ձորակում շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան` Գառնիկի անունով կոչվեց Գառնի: Վերջերը, Վաղարշակի թոռան` Արտաշեսի ժամանակ, սրա սերունդներից մի պատանի է եղել Վարաժ անունով՝ եղջերուների, այծյամների և վարազների որսերում հաջողակ, ուժեղ և ճիշտ նետաձիգ: Սրան Արտաշեսը նշանակում է արքունական որսերի վրա և շեներ է պարգևում Հրազդան կոչված գետի ափերին: Սրանից, ասում են, առաջ է եկել Վարաժնունյաց տունը: Այս Գեղամը, ինչպես ասացինք, տարիներ ապրելով սերեց Հարմային, որից հետո էլ ապրելով մեռավ և իր որդուն` Հարմային հրամայեց Արմավիրում բնակվել:
Այս է Հայկը` Թորգոմի որդին, Թիրասի որդին, Գամերի որդին, Հաբեթի որդին, որ հայազգի նախնին է. և այս են նրա ցեղերն ու սերունդները և նրանց բնակության երկիրը: Այնուհետև ասում է Մար Աբասը, նրանք սկսեցին բազմանալ և երկիրը լցնել:
Հարման տարիներ ապրելով սերեց Արամին:
Արամի մասին պատմում են, թե շատ քաջագործություններ է կատարել հաղթական պատերազմներում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր երկիրը, ինչպես հույները Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները` Արմենիկ: Բայց սրա ընդարձակ պատմությունն ու քաջագործությունները, թե ինչպես և որ ժամանակ կատարվեցին` եթե կամենաս` այս գրքից դուրս կզետեղենք, իսկ եթե քիչ` կզետեղենք հենց այստեղ:


ԺԳ

ԱՐԵՎԵԼՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՅՈՒՔԱՐ ՄԱԴԵՍԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Եվ որովհետև մեզ հաճելի թվաց քո հրամանով մեր հանձն առած նեղությունն ավելի մեծ բովանդակություն համարել, քան ուրիշներից առաջարկված ուրախություններն ու կերուխումը, ուստի համաձայնեցինք կարճառոտ մեջ բերել զրույցները Հայկական Արամի վարած պատերազմների մասին: Սա աշխատասեր և հայրենասեր մարդ լինելով՝ ինչպես ցույց է տալիս նույն պատմագիրը, լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները և օտարները տիրում են իր արյունակից հարազատներին:
Այս Արամը Նինոսի ասորեստանցիներին և Նինվեին տիրելուց քիչ տարիներ առաջ, շրջակա ազգերից նեղվելով` ժողովում է հարազատ, քաջ և աղեղնավոր մարդկանց մի բազմություն, մոտ հինգ բյուր մարդ, վարժ նիզակավոր շատ ուժեղ երիտասարդներ, հաջողակ ձեռքերով, սրտոտ ու պատերազմելու հմուտ: Նա պատահում է հայոց սահմաններին մոտ մեդացիների քաջերին, որոնց առաջնորդում էր մի ոմն Նյուքար Մադես՝ մի հպարտ և պատերազմասեր մարդ, ինչպես ցույց է տալիս նույն պատմագիրը: Դրանք մի անգամ քուշանների նման ասպատակելով սմբակներով ոտնակոխ արին Հայաստանի սահմանները և Մադեսը երկու տարի իրեն ենթարկեց Հայաստանը: Արամը հանկարծակորեն նրա վրա հարձակվելով արևը ծագելուց առաջ` կոտորեց նրա բազմաթիվ ամբոխը և իրեն` Նյուքարին էլ, որ Մադես էր կոչվում, ձեռբակալ անելով բերեց Արմավիր և այնտեղ պարսպի աշտարակի ծայրին հրամայեց պատին վարսել, երկաթե ցից մխելով ճակատի մեջ` ի ցույց դնելով անցորդներին և բոլոր այնտեղ եկվորներին, իսկ նրա երկիրը մինչև Զարասպ կոչված լեռը իրեն ծառայեցնելով հարկատու դարձրեց մինչև Նինոսի թագավորելն Ասորեստանի և Նինվեի վրա:
Իսկ Նինոսը Նինվեում թագավորելով` մտքումը պահած ուներ իր նախնիի` Բելի վրեժի հիշատակը, զրույցներից լսած լինելով երկար տարիներ մտածում էր վրեժխնդիր լինել, դիտելով ու սպասելով նպաստավոր ժամանակի, որպեսզի քաջ Հայկի սերունդներից սերմանված ամեն մի արու ժառանգ ոչնչացնի: Բայց կասկածելով, այսպիսի ձեռնարկությունը կարող է նրա թագավորության կորստյան պատճառ դառնալ, իր չար խորհուրդը թաքցնում է, Արամին հրամայում է առանց կասկածի իր իշխանությունը վարել, իրավունք է տալիս մարգարտե վարսակալ կրել և իր երկրորդը կոչվել: Բայց բավական է այսքան ասվածը, որովհետև մեր առաջիկա գործը թույլ չի տալիս երկար կանգ առնել մեր պատմության սկզբում:


ԺԴ

ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿՌՎԻ ՈՒ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅԱՊԻՍ ՔԱԱՂՅԱՅԻ ՄԱՍԻՆ,ՆԱԵՎ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՈՒ ՄՅՈՒՍ ՀԱՅՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Կարճառոտ խոսքերով հիշատակենք ինչ որ սրանից հետո նույն մատյանում պատմվում է սրա քաջագործությունների մասին արևմուտքում և ասորեստանցիների հետ կռիվը, դեպքերի պատճառն ու նշանակությունը միայն հայտնելով և գործի ընդարձակությունը համառոտ խոսքերով ներկայացնելով:
Նույն այս Արամը արևելցիների հետ ճակատամարտը վերջացնելուց հետո նույն զորությամբ շարժվում է Ասորեստանի կողմերը. այնտեղ ևս գտնում է իր երկրի մի ուրիշ ոչնչացնող` Բարշամ անունով, հսկաների ցեղից, չորս բյուր սպառազեն հետևակով և հինգ հազար հեծյալով. նա, խիստ հարկերով սաստիկ նեղելով, անապատ էր դարձրել իր ամբողջ շրջակայքը: Արամը պատերազմով նրան ընդհարվելով` հալածում էր նրան Կորդուքի միջով և շպրտում է Ասորեստանի դաշտը, շատերին կոտորելով, իսկ Բարշամը նրա զինակիրներին հանդիպելով սպանվում է: Այս Բարշամին ասորիները երկար ժամանակ աստվածացրած պաշտում էին նրա բազմաթիվ քաջագործությունների պատճառով: Իսկ Ասորեստանի դաշտերի մեծ մասը Արամը գրավեց և հպատակության մեջ պահեց երկար ժամանակ:
Իսկ ինչ քաջագործություններ որ սա կատարեց արևմտյան կողմը Տիտանյանների դեմ, մենք դեռ պետք է պատմենք: Սա դեպի արևմուտք շարժվում է առաջին Հայքի վրա չորս բյուր հետևակ և երկու հազար հեծյալ զորքով, հասնում է կապադովկացոց կողմերը, մի տեղ, որ այժմ Կեսարիա է կոչվում: Որովհետև նա արևելյան և հարավային ազգերը նվաճել և հանձնել էր այս երկու ցեղերին` արևելքը Սիսակյաններին և Ասորեստանի կողմերը Կադմոսի տան հաջորդներին, այլևս ոչ մի տեղից կասկած չուներ` ուստի երկար ժամանակ մնաց արևմուտքում: Այստեղ նրան պատերազմով հանդիպում է Տիտանյան Պայապիս Քաաղյան, որ բռնացել գրավել էր տարածությունը երկու մեծամեծ ծովերի միջև, այսինքն Պոնտոսի և Օվկիանոսի: Արամը նրան ընդհարվելով վանում և փախցնում է ասիական ծովի մի կղզի. այնտեղ երկրի վրա հսկելու համար նա թողնում է Մշակ անունով մեկին իր ցեղից և մի բյուր զորք, ինքը վերադառնում է Հայաստան:
Բայց այդ երկրի բնակիչներին հրաման է տալիս սովորել և խոսել հայերեն, այս պատճառով հույները մինչև այսօր այդ երկրամասը կոչում են Պռոտին Արմենիան, որ թարգմանվում է Առաջին Հայք: Իսկ այն դաստակերտը, որ Արամի կուսակալ Մշակը շինեց իր անունով և փոքր պարսպով պատեց, այդ երկրի հին մարդիկ կոչում էին Մաժաք, կարծես չկարողանալով ճիշտ արտասանել, հետո նա ուրիշներից ավելի ընդարձակ շինվելով կոչվեց Կեսարիա: Միևնույն կարգով` այդ տեղերից մինչև իր բուն սահմանները շատ անբնակ տեղեր բնակիչներով լցրեց, որոնք կոչվեցին Երկրորդ և Երրորդ Հայք, նաև Չորրորդ Հայք: Այս է բուն և ճշմարիտ պատճառը մեր` արևմտյան կողմը Առաջին և Երկրորդ, այլև Երրորդ և Չորրորդ Հայք անվանելու: Իսկ ինչ որ ոմանց կողմից այլ ձևով է կոչվում հունական կողմերում` մեզ ընդունելի չէ, ուրիշներն ինչպես կամենան:
Սա այսպես հզոր և անվանի եղավ, ուստի սրա անունով են մինչև այսօր մեր շրջակա ազգերը մեր երկիրը անվանում, ինչպես ամենքին հայտնի է: Սա ուրիշ շատ քաջագործություններ էլ է կատարել, բայց ինչքան որ ասացինք` բավական ենք համարում:
Բայց թե ինչու այս բաները թագավորների բուն մատյաններում կամ մեհենական պատմություններում չհիշատակվեցին, թող այս մասին ոչ ոք չերկբայի ու չկասկածի: Նախ` որ այս ժամանակը Նինոսի թագավորությունից առաջ է, երբ ոչ ոք այսպիսի բաների հոգ չեր տանում, երկրորդ` որ նրանք հարկավոր և կարևոր չէին համարում օտար ազգերի, հեռավոր աշխարհների հին լուրերն ու նախնական զրույցները իրենց թագավորների կամ մեհյանների մատյաններում գրել, մանավանդ որ պարծանք և պատիվ չէր օտար ազգերի քաջությունը և հերոսական գործերը հիշատակել: Բայց թեպետև սրանք բուն մատյաններում չկան, սակայն, ինչպես Մար Աբաս Կատինան պատմում է, փոքր և աննշան մարդկանց ձեռքով գուսանական երգերից ժողովված են արքունի դիվանում: Մի ուրիշ պատճառ էլ բերում է նույն մարդը, թե ինչպես իմացա, Նինոսը հպարտ և անձնասեր մարդ լինելով և կամենալով միայն իրեն ցույց տալ իբրև սկիզբ աշխարհակալության, ամեն տեսակ քաջության և կատարելության, հրամայում է նախնիների բազմաթիվ մատյաններ, որոնք վերաբերում էին զանազան տեղերի և առանձին մարդկանց քաջագործություններին` այրել, իսկ իր ժամանակակիցների վերաբերյալ գրվող մատյանները` դադարեցնել, և գրել միայն այն, ինչ որ իրեն է վերաբերում: Բայց այս կրկնելն ավելորդ էր:
Այս Արամը տարիներ ապրելով սերեց Արային, որից հետո էլի շատ տարիներ ապրելով՝ մեռավ:


ԺԵ

ԱՐԱՅԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ՇԱՄԻՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Արան Նինոսի վախճանվելուց քիչ տարիներ առաջ խնամակալ դարձավ իր հայրենիքին, Նինոսից նույնպիսի շնորհի արժանանալով` ինչպիսի շնորհի արժանացավ և իր հայր Արամը: Բայց այն վավաշոտ և անառակ Շամիրամը շատ տարիներից ի վեր նրա գեղեցկության մասին լսած լինելով, ցանկանում էր նրան տեսնել, բայց հայտնի կերպով չէր համարձակվում որևէ բան անել: Իսկ Նինոսի վախճանվելուց կամ Կրետե փախչելուց հետո, ինչպես համոզված եմ, Շամիրամը իր ախտը համարձակ պատվելով` Արա Գեղեցիկի մոտ պատգամավորներ է ուղարկում ընծաներով ու նվերներով և շատ աղաչանքներով ու պարգևների խոստումով խնդրում է գալ Նինվե իր մոտ` կամ իրեն կին առնել ու թագավորել այն ամենի վրա, որոնց թագավորում էր Նինոսը, և կամ նրա ցանկության կամքը կատարել ու մեծամեծ նվերներով խաղաղությամբ իր տեղը դառնալ:
Երբ պատգամավորները շատ անգամ երթևեկություն կատարեցին և Արան չհամաձայնեց, Շամիրամը սաստիկ չարանալով, պատգամավորությունը դադարելուց հետո, առնում է իր զորքի բազմությունը և շտապում է գնալ հասնել Հայաստան՝ Արայի վրա. բայց որքան դեմքից կարելի էր գուշակել, շտապում էր ոչ այնքան նրան սպանելու կամ հալածելու, որքան նվաճելու կամ իր ձեռքը գցելու, որպեսզի իր ցանկության կամքը կատարի, որովհետև մոլեգին կրքի պատճառով, երբ նրա մասին խոսք էր լինում, կատաղի տռփանքով այրվում էր, ինչպես տեսնելիս լիներ: Փութով գալիս հասնում է Արայի դաշտը, որ նրա անունով կոչվեց Այրարատ: Ճակամարտը պատրաստելիս նա իր զորականներին պատվեր է տալիս, եթե դեպքը բերի, պետք է ջանալ կենդանի պահել Արային: Կռվի ժամանակ Արայի զորքը ջարդվում է, Արան էլ ընկնում է պատերազմի մեջ Շամիրամի կտրիճներից: Հաղթությունից հետո տիկինը դիակապուտներ է ուղարկում ճակատամարտի տեղը` ընկած դիակների մեջ փնտրելու իր ցանկալի տարփածուին: Արային գտնում են մեռած քաջամարտիկների մեջ: Հրամայում են նրան տանել դնել ապարանքի վերնատանը: 
Երբ հայոց զորքը պատրաստվում էր նորից պատերազմելու Շամիրամ տիկնոջ դեմ, Արայի մահվան վրեժն առնելու համար՝ Շամիրամն ասում է. «Ես իմ աստվածներին հրամայեցի նրա վերքերը լիզել, և նա կկենդանանա»: Միևնույն ժամանակ նա հույս ուներ կախարդական դյութությամբ Արային կենդանացնել, տռփական ցանկությունից ցնորված: Բայց երբ դիակն սկսեց նեխել, հրամայեց գցել նրան մի մեծ վիհի մեջ ու ծածկել, իսկ իր սիրականներից մեկին ծածուկ զարդարելով նրա մասին այսպիսի լուր է տարածում. «Աստվածներն Արային լիզելով ու կենդանացնելով՝ մեր փափագն ու ցանկությունը կատարեցին. ուստի այսուհետև նրանք ավելի ևս արժանի են մեզանից պաշտվելու և փառավորվելու իբրև մեզ ուրախացնողներ և մեր կամքը կատարողներ»: Նաև մի նոր արձան է կանգնեցնում աստվածների անունով և մեծամեծ զոհերով պատվում է նրան, ցույց տալով, իբր թե աստվածների այս զորությունը կենդանացրեց Արային: Այսպիսի լուրեր տարածելով Հայաստանում և բոլորին համոզելով` հուզմունքը խաղաղեցնում է:
Արայի մասին կարճառոտ այսքանն էլ բավական է հիշատակել: Նա տարիներ ապրելով սերեց Կարդոսին:


ԺԶ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՐԱՅԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՇԱՄԻՐԱՄԸ ՇԻՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԸ, ԳԵՏԻ ԱՄԲԱՐՏԱԿԸ ԵՎ ԻՐ ՏՈՒՆԸ 

Այսպիսի հաջող գործերից հետո Շամիրամը կարճ ժամանակով մնում է այն դաշտում, որ Արայի անունով կոչվեց Այրարատ. բարձրանում է երկրի հարավակողմն ընկած լեռնային վայրերը, որովհետև ամառային եղանակ էր, կամենում էր հովիտներում և ծաղկավետ դաշտերում զբոսնել: Եվ տեսնելով երկրի գեղեցկությունը, օդի մաքրությունը, բխող մաքուր աղբյուրները, կարկաչահոս ու բարեգնաց գետերը` նա ասում է. «Պետք է այսպիսի բարեխառն կլիմայում, մաքուր ջրերով երկրում մեզ համար քաղաք և բնակության արքունիք շինել, որպեսզի տարվա շրջանի մի չորրորդ մասը, այսինքն ամառային եղանակը, ամեն տեսակ վայելչությամբ անցկացնենք Հայաստանում, իսկ մյուս երեք մասը, օդի զով ժամանակը, կյանք վայելենք Նինվեում»:
Շատ տեղերով անցնելով` գալիս հասնում է աղի ծովակի եզերքը արևելյան կողմից. տեսնում է ծովի ափին մի երկայնաձև բլուր, որ երկարությանբ ձգվում էր արևմուտք` հյուսիսային կողմում մի փոքր թեքությամբ, իսկ հարավային կողմից ուղղահայաց դեպի երկինք բարձրացած մի կանգուն ու անթեք քարաժայռ կար: Սրանից դեպի հարավ հեռուն տարածվում էր մի դաշտանման երկայնաձև հովիտ, որ լեռան արևելյան կողմից իջնում էր ծովի ափը, ընդարձակ և գեղեցիկ ձորի ձևով, նրա միջով հոսում էին լեռներից իջնող, ծործորներից ու հովիտներից քամվող քաղցրահամ ջրեր, որոնք լեռների ստորոտների մոտ միավորվելով` ծավալվում, գեղեցիկ գետեր էին կազմում: Հովտաձև ձորակի մեջ ոչ սակավ շեներ կային` ջրերի աջ ու ձախ կողմերում զետեղված: Այս հաճելի բլուրից դեպի արևելք կար մի փոքրագույն լեռ: 
Այս տեղի վրա աչք դնելով` այրասիրտ և վավաշոտ Շամիրամը հրամայում է անմիջապես Ասորեստանից և իր իշխանության մյուս տեղերից փափագած տեղը բերել չորս բյուր և երկու հազար սևագործ բանվոր, վեց հազար ընտիր փայտագործ, քարագործ, պղնձագործ և երկաթագործ արհեստավորներից, որոնք ըստ ամենայնի կատարյալ լինեն իրենց գործի մեջ. և գործը հրամանի համապատասխան կատարվում է: Անմիջապես բերվեցին բազմաթիվ սևագործ բանվորներ և բազմարվեստ հմուտ վարպետներ: Եվ հրամայում է` նախ գետի ամբարտակը շինել ապառաժ խոշոր քարերով, կրի և ավազի շաղախով, շատ լայն և բարձր, որ մինչև այժմ, ինչպես ասում են, հաստատ մնում է: Գետի այս ամբարտակի ճեղքվածքներում այդտեղի մարդիկ, ինչպես լսում եմ, փախչում ամրանում են ասպատակությունների և գաղթականությունների ժամանակ, որպես թե ամրանալիս լինեին ապառաժ լեռների գագաթներին: Եվ եթե մեկը կամենա փորձել` չի կարողանա ամբարտակի շինվածքից պոկել թեկուզ պարսատիկի մի փոքր քար, որչափ էլ աշխատի: Եվ երբ մարդ նայի քարերի շուրջն եղած կրի ծեփին, նրան այնպես է թվում, թե ճարպ է ածած այնտեղ: Այսպես երկար ասպարեզներով ամբարտակն անցկացնելով` հասցնում է քաղաքի համար որոշված տեղը: 
Այստեղ հրամայում է բազմությունը շատ խմբերի բաժանել և ամեն մի խմբի վրա ղեկավար նշանակել վարպետներից ընտիրներին, և այսպես խիստ լարված աշխատանքի մեջ պահելով` քիչ տարիներից հետո գլուխ է բերում հրաշալի շինվածքը, ամուր պարիսպներով ու պղնձակերտ դռներով: Քաղաքի մեջ շինում է նաև բազմաթիվ ընտիր ապարանքներ՝ կրկնահարկ և եռահարկ, զարդարված տեսակ-տեսակ գույնզգույն քարերով, և ամեն մեկում պատուհաններ ըստ հարմարության: Քաղաքը մասերի է բաժանում գեղեցկագույն և ընդարձակ փողոցներով: Շինում է նաև չքնաղ և զարմանալու արժանի բաղնիքներ, համապատասխան քաղաքի դիրքին և պիտույքներին և բուրաստանների ու ծաղկանոցների ոռոգման համար, իսկ մյուս մասը անց է կացնում ծովակի աջ և ձախ ափերով` քաղաքի և բոլոր շրջակայքի ոռոգման համար: Քաղաքի ամբողջ արևելյան, հյուսիսային և հարավային կողմերը զարդարում է դաստակերտներով, վարսագեղ սաղարթախիտ ծառերով` զանազանակերպ պտուղներով ու տերևներով, և այնտեղ տնկում է բազմաթիվ առատաբեր և գինեբեր այգիներ: Պարսպած քաղաքն ամեն կերպ հոյակապ ու հռչակավոր է դարձնում և մեջը բնակեցնում է մարդկանց անթիվ բազմություն:
Իսկ քաղաքի վերի ծայրը և այնտեղի հրաշալի շինվածքները մարդկանց շատերին անհասկանալի են մնում և պատմելու հնարավորություն չկա: Այդտեղ գագաթի շուրջը պարիսպ քաշելով` ներսը շինում է դժվար մտնելու և դժվար դուրս գալու ինչ-որ ծածուկ և ահռելի արքայանիստ շինվածքներ: Դրանց շինության որպիսությունը մենք ոչ ոքից ճշտությամբ չենք լսել, ուստի հարմար չենք դատում մեր պատմության մեջ հյուսել. այսքան կասենք, թե ինչպես լսել ենք, սրանք բոլոր թագավորական գործերի մեջ առաջին և վեհագույն են համարվում:
Իսկ քարաժայռի դեպի արեգակը դարձած կողմը, որտեղ այժմ և ոչ մի գիծ կարող է մարդ գծել երկաթով, այսպիսի կարծր քարի մեջ զանազան սենյակներ, ննջարաններ, գանձարաններ և երկար վիհեր` հայտնի չէ ինչ բանի համար, հրաշակերտեց: Իսկ քարաժայռի ամբողջ երեսը հարթելով, ինչպես հարթում են մեղրամոմը, վրան շատ գրեր գրել տվեց, որոնց տեսքը միայն բոլորին զարմացնում է: Եվ ոչ միայն այստեղ, այլև Հայոց աշխարհում, շատ տեղերում արձաններ կանգնեցրեց և նույն գրերով իր մասին ինչ-որ հիշատակ հրամայեց գրել, և շատ տեղերում նույն գրով սահմաններ էր հաստատում:
Ահա ասացինք ինչ գործեր որ Շամիրամը կատարել է Հայաստանում:


ԺԷ

ՇԱՄԻՐԱՄԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՏՈՐԵՑ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԻՆ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ ԶՐԱԴԱՇՏ ՄՈԳԻՑ ՓԱԽԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՄԵՌԱՎ ԻՐ ՆԻՆՎԱՍ ՈՐԴՈՒ ՁԵՌՔՈՎ

Սա շարունակ ամառները, երբ գալիս էր հյուսիս, Հայաստանում շինած իր ամառանոցային քաղաքը, կուսակալ և Ասորեստանի ու Նինվեի վերակացու էր թողնում Զրադաշտ Մոգին, Մարաց նահապետին: Եվ այս այսպես երկար ժամանակ կարգադրելով` նրան է վստահում վարել իր իշխանությունը:
Եվ հաճախ իր որդիներից հանդիմանվելով իր սաստիկ վավաշոտ և անառակ վարքի պատճառով` նրանց բոլորին կոտորում է, ազատվում է միայն ամենափոքրը` Նինվասը: Նա իր ամբողջ իշխանությունն ու գանձերը բարեկամներին ու սիրականներին պարգևելով` որդիների մասին ամենևին հոգ չի տանում: Որովհետև նրա ամուսինն էլ, Նինոսը, ոչ թե ինչպես ասվում է, մեռավ ու թաղվեց նրա ձեռքով Նինվեում, արքունիքում, այլ գիտենալով նրա ախտասեր և չարասեր բարքը` թողեց թագավորությունը և փախավ գնաց Կրետե: Իսկ երբ որդիները չափահաս և խելահաս դարձան, նրան այս բոլորը հիշեցրին, կարծելով թե նրան ետ կդարձնեն դիվական տռփանքից, և նա իր որդիներին կտա իշխանությունն ու գանձերը: Սրա վրա ավելի զայրանալով` Շամիրամը կոտորում է բոլորին, կենդանի է մնում միայն Նինվասը, ինչպես վերն ասացինք:
Իսկ երբ Զրադաշտը տիկնոջ դեմ մի սխալանք գործեց, և մեջտեղը հակառակություն ընկավ, Շամիրամը նրա դեմ պատերազմ սկսեց, որովհետև մարացին մտադրվել էր ամենքի վրա բռնանալ: Երբ պատերազմը սաստկացավ, Շամիրամը փախուստ տվեց Զրադաշտից և դիմեց Հայաստան: Այստեղ Նինվասը վրեժխնդրության համար ժամանակ գտնելով` մորն սպանում է և ինքը թագավորում է Ասորեստանի Նինվեի վրա: 
Ահա Շամիրամի մահվան մասին էլ ասացինք, թե ինչից և ինչպես տեղի ունեցավ:


ԺԸ

ԱՅՆ ՄԱՍԻՆ,ԹԵ ՀԱՍՏԱՏԱՊԵՍ ՆԱԽ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՇԱՄԻՐԱՄԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԵՏՈ ՆՐԱ ՄԱՀԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ես նկատի ունեմ Կեփաղիոնի պատմածն էլ, որպեսզի շատերին տեղիք չտամ մեզ ծաղրելու, որովհետև նա ուրիշ շատ բաների թվում խոսում է նախ Շամիրամի ծնունդի մասին, հետո դնում է Շամիրամի պատերազմը Զրադաշտի հետ, ապա տալիս է Շամիրամի հաղթելը և արդեն վերջը դնում է Հնդկաստանի պատերազմը: Բայց մեզ ավելի հավանական է թվում Մար Աբաս Կատինայի կատարած քննությունը քաղդեական մատյանների, քան այս, որովհետև տեղին է պատմում և պատերազմի պատճառն էլ հայտնում է: Սրանց հետ մեր երկրի առասպելներն էլ հաստատում են բազմահմուտ ասորուն, թե այստեղ է պատահել Շամիրամի մահը, նրա հետիոտն փախչելը, ծարավելը, ջրի պապակելը, ջուր խմելը, այլև սուսերավորների մոտենալիս հուռութները ծովը նետելը և նրա ասած խոսքը՝ «Ուլունք Շամիրամա ի ծով»: Բայց եթե առասպել ախորժում ես` Շամիրամը Նիոբեից առաջ քար դարձավ:
Արդ` այսքան բավական է. մենք դառնանք հաջորդ անցքերին: 


ԺԹ

ԱՅՆ ՄԱՍԻՆ` ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՇԱՄԻՐԱՄԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

Ամեն ինչ հարմարեցնելով ես այս գրքում կնշանակեմ մեր ազգի ավագագույն մարդկանց ու նախնիքներին և ինչ որ նրանց յուրաքանչյուրի մասին զրույցներ և իրողություններ կան, չմտցնելով սրա մեջ ոչ մի ինքնահնար կամ անպատշաճ բան, այլ ինչ որ հավաքեցինք գրքերից և սրանց հետևողությամբ` իմաստուն և այս հարցերում լավատեղյակ անձերից, որոնցից ստույգ կերպով ջանացինք հին գրվածքներից հավաքել: Եվ մենք ասում ենք, որ մենք այս պատմության մեջ ճշմարտախոս ենք եղել մեր դիտավորությամբ և ուղղամտությամբ, իսկ ինչ վերաբերվում է նրանց, որոնցից հավաքել ենք, այդ Աստծուն է հայտնի, նրանք գովելի են թե պախարակելի, այդ մեզ չի վերաբերվում, մենք հեռու ենք դրանցից: Բայց պատմածների համաձայնությունը և պատանիների ճյուղագրության մեջ թվերի հավասարությունը ցույց են տալիս մեր աշխատասիրության ճշմարտությունը: Արդ` այս այսպես կարգավորելով, կամ բոլորովին հավաստի կամ փոքր ինչ ճշմարտից շեղվելով կսկսեմ քեզ այսուհետև եղածները պատմել Պիտոյից Հյուսման պատմությունից:
Արդ` Շամիրամաի մահից հետո, որ տեղի ունեցավ Արային սպանելուց հետո իր Զամեսես որդու ձեռքով, որ ինքը Նինվասն է, պատմության կարգը հաստատ այսպես պետք է գիտենանք: Նինվասն սպանելով իր հեշտասեր մորը, թագավորում է ինքը և խաղաղ կյանք է վարում: Սրա ժամանակ լրանում է Աբրահամի կյանքի տարիները:


(Ի)

ՄԵՐ ԱԶԳԻ ՃՅՈՒՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԴԵԱՑԻՆԵՐԻ ՃՅՈՒՂԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՄԻՆՉԵՎ ՍԱՐԴԱՆԱՊԱԼՈՍ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ ԷՐ ԹՈՆՈՍ ԿՈՆԿՈՂԵՌՈՍ

Եբրայեցիների
Իսահակ
Հակոբ
Ղևի
Կահաթ
Ամրամ
Մովսես 
Հեսու 
Սրանից առաջ տիրում էին ոչ թե ըստ ցեղի, այլ ըստ առաջադիմության, որովհետև բոլորն էլ Աբրահամից էին: Երբ սա քանանացիներին կոտորեց, սրանք դեպի Թարսիս նավով անցան Ագռաս, և այս հայտնի է Ափրիկացիների աշխարհում արձանների վրա դրոշմված արձանագրություններից, որ մինչև այժմ կա հետևյալ բովանդակությամբ. «Մենք քանանացիների նախարարներս գող Հեսուից փախչելով եկանք այստեղ բնակվելու»: Սրանցից է և մեր պատմական Քանիդասը  Հայաստանում: Եվ մենք ստուգելով հաստատ իմացանք, որ Գնթուների ցեղն անտարակույս սրանցից է սերված, և այս ցեղի բարքը ցույց է տալիս, որ քանանացի են:
Գոթոնիել
Ավովդ
Բարակ
Գեդեոն
Աբիմելեք
Թովդա
Հայիր
Եփթայի
Եսեբովն 
Եղովն
Ղաբդոն 
Սամփսոն
Հեղի 
Սամուել 
Սավուղ 
Դավիթ և հաջորդները

Քաղդեացիների
Արիոս
Առալիոս, որ է Ամյուռոս
Քսերքսես, որ և Բաղեոս
Առմամիթռեոս
Բելոքոս
Բալեոս
Աղտադոս
Մամիթոս
Մասքաղեոս
Սփերոս
Մամիդոս
Սպարեթոս
Ասկատադես
Ամինտես
Բելոքոս
Բաղոտոռես
Ղամպառիտես 
Սուսառիս 
Ղամբառիս
Պաննիաս 
Սոսառմոս
Միթռեոս 
Տևտամոս
Տևտեոս
Թինևս
Դեռկյուղոս
Եվպաղմոս
Ղավոսթենիս
Պեռիտիադես
Օփռատիոս
Փռատինիս
Ակռազանիս
Սարդանապաղոս

Հ ա յ ո ց
Արայան Արա
Սա մեր Արայի որդին է, որին Շամիրամը Արա կոչեց և մեր երկրի իշխանությունը նրան վստահեց, նրանից սերվեցին...
Անուշավան
Պարետ
Արբակ
Զավան
Փառնակ
Սուր
Սրա ժամանակ էր ապրում Հեսու Նավյան
Հավանակ
Վաշտակ
Հայկակ
Սրա մասին ասում են, թե ապրել է Բելոքոսի ժամանակ և մի անմիտ խռովություն հարուցանելով նրա մեջ մեռել է:
Ամպակ
Առնակ
Շավարշ
Նորայր
Վստամ
Կար 
Գոռակ
Հրանտ
Ընձաք
Գղակ
Հորո
Զարմայր
Սա Տևտամոսից օգնական ուղարկեց Պրիամոսին եթովպական զորքի հետ և մեռավ հելլենացի քաջերից:
Պերճ
Արբուն
Բազուկ
Հոյ
Հուսակ
Կայպակ
Սկայորդի


Ի (ԻԱ)

ԱՐԱՅԱՆ ԱՐԱՅԻ ՄԱՍԻՆ, ԵՎ ՈՐ ՍՐԱ ՈՐԴԻՆ ԷՐ ՍՈՍԱՆՎԵՐ ԱՆՈՒՇԱՎԱՆԸ

Իսկ Շամիրամը դեռ իր կենդանության ժամանակ Արայի որդուն, որ ծնված էր նրա սիրելի կնոջից` Նվարդից և տասներկու տարեկան երեխա էր մնացել Արայի մահվան ժամանակ, դեպի Արա Գեղեցիկը տածած սիրո պատճառով՝ նրա անունով կոչում է Արա և նշանակում է մեր երկրի գլխավոր` սրտանց նրան վստահելով, և ասում են, թե նա պատերազմում Շամիրամի հետ մեռավ:
Բայց Մար Աբասը պատմությունը շարունակում է այսպես, Արայան Արան պատերազմի մեջ մեռնում է Շամիրամի հետ, թողնելով արու զավակ` գործով հզոր, խոսքով հանճարեղ Անուշավան Սոսանվերին, որովհետև նա պաշտամունքի համաձայն նվիրված էր Արմենակի` Արմավիրում գտնվող սոսի ծառերին, որոնց տերևների սոսափյունից, նայելով քամու ուժին և ուղղությանը` մեր Հայոց աշխարհում սովորեցին գուշակություններ անել և այն էլ երկար ժամանակ:
 Այս Անուշավանը բավական ժամանակ արհամարհանք կրելով Զամեսեսից, տառապում է արքունի դռանը, հետո բարեկամներից օգնություն գտնելով ձեռք է բերում մեր երկրի մի մասը` խնամելու համար իբրև հարկատու, վերջը նաև ամբողջ երկիրը:
Բայց չափազանց շատ կլիներ, եթե մենք այս գլխում վերը հիշված մարդկանց բոլոր գործերն ու պատմությունները գրեինք, ինչպես արժանի է:


ԻԱ (ԻԲ)

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՍԿԱՅՈՐԴՈՒՑ ԾՆԱԾ ՊԱՐՈՒՅՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԹԱԳԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՕԳՆՈՒՄ Է ՄԱՐԱՑԻ ՎԱՐԲԱԿԵՍԻՆ՝ ՍԱՐԴԱՆԱՊԱԼԻՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ

Բաց թողնելով դեպքերից ոչ կարևորները, ասենք ինչ որ անհրաժեշտ է: Այս վերջիններից մի մասը եղել է ասորեստանցիների թագավորության ժամանակ, մի մասն էլ Շամիրամից կամ Նինոսից հետո, իսկ մեր Պարույրն եղավ Սարդանապալի ժամանակ: Սա քիչ օգնություն ցույց չի տվել մարացի Վարբակեսին` թագավորությունը Սարդանապալից վերցնելու: 
Ահա այժմ ես զվարճանում եմ` ոչ փոքր ուրախություն զգալով, որ հասնում եմ այն տեղը, երբ մեր բնիկ նախնիի սերունդները թագավորության աստիճանի են հասնում: Ուստի վայել է մեզ այստեղ մեծ գործ կատարել և շատ խոսքեր գրել, որոնց հիմունքը մենք ինքներս արժանացանք կարդալու իմաստուն, իմաստունների մեջ իմաստագույն և բազմարդյուն հեղինակի չորս հագներգությունների մեջ:
Որովհետև Վարբակեսը, ծննդյամբ մեդացի, այս ամրագույն երկրի ծայրի աննշան կողմերից, կյանքում շատ խորամանկ, կռիվների մեջ խիզախ, գիտենալով Թոնոս Կոնկոզեռոսի տմարդի բնավորությունը և հեշտասեր ու թուլամորթ ծուլությունը` իր սիրալիր վարմունքով ու առատաձեռնությամբ ավելացնում է իրեն բարեկամներ այն քաջ ու պիտանի մարդկանցից, որոնց ձեռքով այն ժամանակ ամուր ու հաստատուն կերպով հայտնապես կառավարում էր Ասորեստանի աշխարհակալ պետությունը, իր կողմն է գրավում նաև մեր քաջ նախարար Պարույրին, խոստանալով նրան թագավորության պատիվ և ձև: Գումարում է նաև արի մարդկանց մեծ բազմություն, որոնք չափազանց հաջողակ էին նիզակ, աղեղ և սուր գործածելու մեջ: Այս կերպով Սարդանապալից թագավորությունը գրավելով` տիրում է Ասորեստանին և Նինվեին: Բայց Ասորեստանի վրա վերակացուներ թողնելով` թագավորությունը փոխադրում է Մարաստան: 
Բայց եթե այս բանը ուրիշների մոտ տարբեր է պատմվում, մի զարմանար: Որովհետև ինչպես որ մեր պատմության առաջին գլուխներում մեղադրեցինք մեր հին նախնիների անիմաստասեր բարքն ու ճաշակը, նույնը պատահում է և այնտեղ: Որովհետև ինչ գործեր որ կատարվել են Նաբուգոդոնոսոր հոր կողմից, գրի են առնված նրանց հիշատակագիրների ձեռքով, իսկ մերոնք որովհետև այսպիսի բան չմտածեցին, նրանց գործերը նշանակվեցին վերջերը:
Բայց եթե հարցնես, թե որտեղից մենք այսպես գիտենք մեր նախնիքների անունները, այլև շատերի գործերը` կպատասխանեմ, քաղդեացիների, ասորեստանցիների և պարսից հին դիվաններից, որովհետև մեր նախնիները եղել են նրանց գործակալները և նրանց կողմից մեր երկրի վրա նշանակված վերակացուներ ու մեծ կուսակալներ լինելով` սրանց անուններն ու գործերը մուծվել են արքունի գրքերի մեջ:


ԻԲ (ԻԳ)

ՄԵՐ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՎԱՐԿՈՒՄԸ ՀՈՐԻՑ ՈՐԴԻ 

Այժմ ես կանցնեմ թվարկելու մեր մարդկանց, մանավանդ թե թագավորներին, մինչև Պարթևների տերության հաստատվելը: Որովհետև մեր թագավորների մեջ ինձ այս մարդիկն են սիրելի, իբրև բնիկներ, արյունակիցներ և իսկական հարազատներ: Ես շատ կփափագեի, որ այն ժամանակ Փրկիչն եկած և ինձ գտած լիներ, որ նրանց ժամանակ ես աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ զվարճանայի և այժմյան վտանգներից խուսափած լինեի: Բայց շատ վաղ մեզանից այդ դրությունը փախավ, գուցե նաև վիճակը: Բայց ես այժմ օտարների թագավորության ժամանակ ապրելով` նրանց թագավորների հետ միասին պետք է նշանակեմ մեր թագավորների կարգը, որովհետև մեր աշխարհի բնիկ պսակավորներն այն մարդիկն են, որոնց անունները ներքևը կդրոշմենք:
Եվ որ իսկականից այդ ժամանակները մեր ազգը թագավորություն ուներ, վկայում է նաև Երեմիա մարգարեն իր մարգարեության մեջ` Բաբելոնի դեմ պատերազմի հրավիրելով. «Հրաման տուր ասում է նա, Այրարատյան թագավորությանը և Ասքանազյան գնդին»: Սա ապացույց է, որ այդ ժամանակ մենք ունեցել ենք թագավորություն: 
Բայց մենք մեր թագավորների ցուցակը կկազմենք՝ մոտը դնելով նաև` Մարաց թագավորներին: 

Մարաց առաջին 
Վարբակես
Մոդակիս
Մարաց
Սոսարմոս
Առտիկաս
Դեովկիս
Փռավորտիս
Կվաքսարես
Աժդահակ

Իսկ մեր առաջինը, Մարացի Վարբակեսից թագադրված Պարույր, Սակայորդու որդին Հրաչյա 

Սա Հրաչյա է կոչվում առավելապես պայծառ երես և բոցավառ աչքեր ունենալու համար: Ասում են, թե սրա ժամանակն է ապրել Նաբուգոդոնոսորը, որ հրեաներին գերեց: Եվ ասում են, որ սա Նաբուգոդոնոսորից խնդրեց գերված եբրայեցիների գլխավորներից մեկին` Շամբաթ անունով և բերեց մեր երկրում բնակեցրեց մեծ պատվով: Պատմագիրն ասում է, թե սրանից սերվեց Բագրատունիների ցեղը, և այս ստույգ է: Բայց թե ինչպիսի ջանքեր գործ դրին մեր թագավորները` նրանց ստիպելու, որ կուռքերը պաշտեն և թե նրանցից քանիսը և ովքեր աստվածապաշտությամբ վերջացրին իրենց կյանքը` հետո կարգով կպատմենք: Որովհետև մի քանի անվստահելի մարդիկ ասում են, ըստ իրենց ենթադրության, բայց ոչ ճշմարտությամբ, իբր թե Բագրատունիների թագադիր ցեղը ծագում է Հայկից: Ուստի ես ասում եմ՝ այսպիսի հիմար խոսքերի մի հավատա, որովհետև ոչ մի հետք կամ ապացույց չկա այդ խոսքերում, որ ցույց տա նրանց ճշմարտությունը: Որովհետև Հայկի և նմանների մասին էլ կակազում են վայրիվերո և անկարգ կերպով: Բայց գիտցիր, որ Սմբատ անունը, որ Բագրատունիները հաճախ դնում են իրենց երեխաներին, իսկապես Շամբաթն է նրանց հին` եբրայական լեզվով:

Փառնավազ
Պաճույճ
Կոռնակ
Փավոս 
Մյուս Հայկակ
Երվանդ սակավակյաց
Տիգրան:

Որովհետև ես հավանական եմ գտնում, որ սրանց անունով կոչված են վերջին Երվանդն ու Տիգրանն ըստ հույսի, ժամանակը շատ հեռու չլինելով` մեկը հիշած կլինի այս անունները:


ԻԳ (ԻԴ)

ՍԵՆԵՔԵՐԻՄԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ԹԵ ԱՐԾՐՈՒՆԻՆԵՐԸ, ԳՆՈՒՆԻՆԵՐԸ ԵՎ ԱՂՁՆՅԱՑ ԲԴԵՇԽ ԿՈՉՎԱԾԸ ՆՐԱՆՑԻՑ ԵՆ ՍԵՐՎԱԾ, ՆՈՒՅՆ ԳԼԽՈՒՄ ՆԱԵՎ` ԹԵ ԱՆԳԵՂ ՏՈՒՆԸ ՊԱՍՔԱՄԻՑ Է

Բայց նախքան ձեռնարկենք խոսել Մեծն Տիգրանի մասին, որ մեր բնիկ թագավորներից իններորդն էր, հուժկու, անվանի և հաղթող այլ աշխարհակալների շարքում, պատմենք ինչ որ անհրաժեշտ է մեր պատմության կարգը պահպանելու համար: Մենք կարծես մոռացության տվինք Սենեքերիմի մասին խոսել: Որովհետև Նաբուգոդոնոսորի թագավորությունից ութսուն, քիչ ավելի կամ պակաս տարի առաջ` այս Սենեքերիմը Ասորեստանի թագավոր է եղել, նա որ Երուսաղեմը պաշարեց հրեաների Եզեկիա առաջնորդի ժամանակ: Նրա որդիները՝ Ադրամելիք և Սանասար, նրան սպանելով, փախան եկան մեզ մոտ:
Սրանցից մեկին, այն է` Սանասարին, մեր քաջ նախնի Սկայորդին բնակեցնում է նույն Ասորեստանի սահմանների մոտ, մեր աշխարհի արևմտյան հարավում: Նրա սերունդն աճելով ու բազմանալով լցրեց Սիմ կոչված լեռը: Իսկ նրանցից ականավոր և գլխավոր մարդիկ վերջերը գործերով հավատարմություն ցույց տալով մեր թագավորներին` արժանացան այդ կողմերի բդեշխությունն ստանալու: 
Իսկ Արգամոզանը  բնակվեց նույն կողմի արևելյան հարավում: Պատմագիրն ասում է, թե սրանից սերվեցին Արծրունիներն ու Գնունիները: Այս էր պատճառը, որ մենք հիշեցինք Սենեքերիմին:
Բայց Անգեղ Տունը նույն պատմագիրն ասում է, թե առաջացել է մի ոմն Պասքամից` Հայկի թոռից:


ԻԴ (ԻԵ)

ՏԻԳՐԱՆԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՄԵՆ ԲԱՆՈՎ

Անցնենք այսուհետև գրելու Տիգրանի և նրա գործերի մասին: Որովհետև սա մեր թագավորներից ամենահզորն և ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ: Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով իրեն հնազանդեցրեց, և մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը. բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի, թե ինքը և թե իր ժամանակը:
Եվ որ իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն` մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ. ոսկու և արծաթի, և պատվական քարերի, և զգեստների, և զանազան գույների, և գործվածքների` հարստություններ տղամարդկանց և կանանց համար` առհասարակ բազմացրեց, որոնցով տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երևում, իսկ գեղեցիկներն այն ժամանակի համեմատ աստվածանում էին: Հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր, նիզակներով. մերկերը պատվեցին վահաններով և երկաթե զգեստներով: Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլն ու շողքը բավական էին թշնամիներին հալածելու և վանելու: Նա խաղաղություն և շենություն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով:
Այս և ուրիշ շատ բաներ բերեց մեր երկրին այս խարտյաշ և մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը՝ գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր, որի մասին մեր հները, որոնք փանդիռներով երգում էին, ասում էին, թե մարմնի ցանկությունների մեջ էլ չափավոր է եղել, մեծիմաստ և պերճախոս և լի բոլոր հատկություններով, որ պիտանի էին մարդուն: Եվ այս գրքում ինչ կա ինձ ավելի սիրելի, քան սրա մասին եղած գովեստներն ու պատմությունը երկարել: Նա ամեն բանի մեջ արդարադատ և հավասարասեր կշեռք ունենալով՝ ամեն մեկի կյանքը կշռում էր իր մտքի լծակով. չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը:
Սա սկզբում դաշնակից լինելով Աժդահակին, որ Մարացի էր, նրան կին է տալիս իր Տիգրանուհի քրոջը, որին թախանձանքով ուզում էր Աժդահակը: Որովհետև Աժդահակը մտածում էր` այդպիսի ազգականության շնորհիվ կամ հաստատուն սեր պահպանել Տիգրանի հետ, կամ այս կերպով հեշտությամբ դավաճանորեն սպանել: Որովհետև նրա միտքը կասկածի մեջ էր, երբ մի անսպասելի մարգարեություն նրան ցույց տվեց առաջիկայում նրան պատահելիքը: 


ԻԵ (ԻԶ)

ԱԺԴԱՀԱԿԻ ԵՐԿՅՈՒՂԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՅՈՒՐՈՍԻ ԵՎ ՏԻԳՐԱՆԻ ՍԻՐՈ ԵՎ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Բայց նրա այս մտածմունքների առիթն էր մտերմական դաշինքը, որ Կյուրոսն առաջարկեց Տիգրանին, և շատ անգամ, երբ Աժդահակն այս բանը հիշում էր, քունը փախչում էր նրանից, և անդադար նա խորհրդակիցներին այսպիսի հարց էր տալիս. «Ինչպիսի հնարքներով մենք պիտի կարողանանք քանդել սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորքեր ունեցող հայի միջև»: Եվ այսպիսի շփոթ մտածմունքների ժամանակ առաջիկա դեպքերը նրան հայտնվում են երազի մեջ մի նախատեսությամբ, այս կերպ, ինչպես ասում է պատմողը:


ԻԶ (ԻԷ)

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԺԴԱՀԱԿ, ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ՄԵՋ ԼԻՆԵԼՈՎ, ԻՐԵՆ ՊԱՏԱՀԵԼԻՔ ԴԻՊՎԱԾԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՍՔԱՆՉԵԼԻ ԵՐԱԶՈՎ

Այդ օրերում, ասում է, ոչ փոքր վտանգ էր սպառնում մարացի Աժդահակին Կյուրոսի և Տիգրանի. միաբանությումից: Ուստի և մտքերի սաստիկ ալեկոծությունից` գիշերը քնի մեջ տեսիլքով երևաց այն, ինչ որ արթուն ժամանակ ոչ աչքով էր տեսել երբեք և ոչ ականջով լսել: Ուստի քնից վեր թռչելով` չի սպասում խորհրդակցության ժամին սովորական կարգով, այլ իսկույն, մինչդեռ գիշերից բավական ժամեր դեռ կային, կանչում է խորհրդակիցներին և տխուր դեմքով, գետին նայելով սրտի խորքից հառաչանք է արձակում: Երբ խորհրդակիցները պատճառը հարցնում են, նա ժամերով ուշացնում է պատասխանը և վերջապես հեծկլտանքով սկսելով` բաց է անում սրտում ծածուկ պահած խորհուրդներն ու կասկածը, նաև սարսափելի տեսիլքը:
«Ով սիրելիք, ասում է նա, երազումս թվում էր, թե ես մի անծանոթ երկրում եմ գտնվում, մի լեռան մոտ, որ երկրի վրա երկար բարձրացած էր և որի գագաթը թվում էր սաստիկ սառնամանիքներով պատած, և կարծես ասելիս լինեին, թե այս Հայկազյանց երկրում է: Եվ երբ ես երկար նայում էի այդ լեռան, մի ծիրանազգեստ կին երևաց ինձ երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած, խոշոր աչքերով, բարձրահասակ, կարմիր այտերով, որ բռնված էր ծննդի երկունքով: Երբ ես երկար նայում էի այս երևույթին և հիացման մեջ էի, հանկարծ կինը երեք զավակ ծնեց, կատարյալ դյուցազուններ հասակով և էությամբ: Առաջինն առյուծ հեծած` սլանում էր արևմուտք, երկրորդն ինձ հեծած հյուսիս էր դիմում, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած` արշավակի մեր տերության վրա էր հարձակվում:
Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե կանգնած եմ իմ ապարանքի տանիքի վրա. տեսնում էի նրա կտուրը բազմաթիվ գեղեցիկ շատրվաններով զարդարված, մեզ պսակող աստվածների հրաշալի տեսքով այնտեղ կանգնած, և ես ձեզ հետ միասին նրանց զոհերով ու խնկերով պատվում էի: Երբ հանկարծ վեր նայեցի, տեսա որ այն վիշապ հեծած մարդը, իսկական արծվի թևերով սլանալով` հարձակվեց և մոտենալով ուզում էր աստվածներին կործանել: Իսկ ես, Աժդահակս, մեջ ընկնելով, այն հարձակումն ինձ վրա ընդունեցի՝ սքանչելի դյուցազնի հետ կռվի բռնվելով: Նախ նիզակների տեգերով իրար մարմինները խոցոտելով` արյան վտակներ վար հոսեցրինք և ապարանքի արեգակի նման փայլող երեսը արյան ծով դարձրինք: Հետո ուրիշ զենքերով կռվեցինք ոչ սակավ ժամեր: 
Բայց երկար խոսքը էլ ինչ օգուտ կբերի ինձ, որովհետև գործի վերջը իմ կործանումն եղավ: Տագնապալից սաստիկ քրտինքը կոխեց և քունս փախավ, և այլևս կենդանի չեմ թվում: Որովհետև այս երազը ուրիշ բան չի նշանակում քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից ուժգին հարձակում պիտի կատարվի մեզ վրա: Բայց ով ձեզանից, աստվածների օգնությունից հետո, խոսքով ու գործով մեզ բարիք խորհելով չի հուսա մեզ թագավորակից լինել»: 
Եվ խորհրդակիցներից շատ օգտակար առաջարկություններ լսելով` շնորհակալությամբ պատվում է նրանց: 


ԻԷ (ԻԸ)

ԽՈՐՀՐԴԱԿԻՑՆԵՐԻ ԽՈՍՔԵՐԸ ՀԵՏՈ ԵՎ ԻՐ ՄՏԱԾԱԾ ՄԻՋՈՑԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Ձեզանից, ով սիրելիներ, ասում է Աժդահակը, շատ հանճարեղ և իմաստուն բաներ լսելուց հետո` կասեմ և ես, ինչ որ, աստվածների օգնությունից հետո, մտածում եմ իբրև օգտակար միջոց: Որովհետև թշնամիներից զգուշանալու և նրանց մտադրություններին ծանոթանալու համար ոչ մի բան այնքան մեծ օգնություն չի բերում, քան երբ մեկը թշնամուն կորուստ պատրաստի` սիրո միջոցով նրան դավելով: Եվ այս բանը մենք այժմ հնարավորություն չունենք կատարելու ոչ գանձերի միջոցով և ոչ պարտվողական խոսքերով, այլ միայն այն կերպով, որ ես մտադիր եմ գործադրել: Իմ խորհուրդի կատարման որոգայթ սարքելու միջոցը նրա քույր Տիգրանուհին է` գեղեցկագույն ու խոհեմը կանանց մեջ: Որովհետև այսպիսի խնամիական ազգականությունները, համարձակ երթևեկության միջոցով, ընդարձակ հնարավորություն են ստեղծում թաքուն կերպով դավեր լարելու – կամ նրա մտերիմներին գանձեր ու պատիվ խոստանալով հրամայել` նրան հանկարծակի սպանել սրով կամ թույների միջոցով, կամ նրա մտերիմներին ու կուսակալներին գանձերով նրանից բաժանել և այս կերպով նրան, իբրև մի անզոր տղայի, մեր ձեռքը գցել»:
Բարեկամներն այս խորհուրդն ազդու համարելով՝ գործի են ձեռնարկում: Աժդահակը իր խորհրդակիցներից մեկին մեծ գանձ տալով՝ ուղարկում է Տիգրանի մոտ մի թղթով, որ հետևյալ բովանդակությունն ուներ:


ԻԸ (ԻԹ)

ԱԺԴԱՀԱԿԻ ԹՈՒՂԹԸ, ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՏԻԳՐԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԻԳՐԱՆՈՒՀՈՒՆ ՄԱՐԱՍՏԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ

«Քո սիրելի եղբայրությունդ գիտե, որ այս աշխարհի կյանքում աստվածները մեզ չեն պարգևել ավելի օգտակար բան, քան սիրելիների բազմություն, և այն էլ իմաստուն, և այն էլ հզորագույների, որովհետև այս դեպքերում դրսից խռովություններ վրա չեն տալիս և եթե պատահեն, իսկույն դուրս են շպրտվում, իսկ ներսում նրանք կհալածվեն, քանի որ այսպիսի չարությունը ոչ ոքից չի կարող մուտք գործել: Արդ` ես տեսնելով բարեկամությունից առաջ եկող այս օգուտը, կամեցա ավելի հաստատուն դարձնել ու խորացնել մեր մեջ եղած սերը, որպեսզի երկուսով էլ բոլոր կողմերից ապահովվելով` ամբողջ և հաստատ պահենք մեր տերությունները: Եվ այս բանը կկատարվի, եթե ինձ կնության տաս քո քույր Տիգրանուհուն, մեծ Հայոց օրիորդին. թերևս նրա համար նաև բարի համարես, որ թագուհիների թագուհին լինի: Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղբայր»:
Առանց խոսքս երկարացնելու՝ ասեմ: Պատգամավորը գալիս է, գեղեցիկ օրիորդի վերաբերյալ գործը կատարում է, որովհետև Տիգրանը համաձայնելով` իր քույր Տիգրանուհուն Աժդահակին կնության է տալիս: Դեռ չգիտենալով նրա կողմից սարքված դավաճանությունը` քրոջն ուղարկում է թագավորավայել կարգով: Աժդահակը նրան կին առնելով` ոչ միայն իր սրտում թաքցրած նենգության, այլև Տիգրանուհու գեղեցկության պատճառով իր կանանց մեջ առաջինն է դարձնում, իսկ ներքուստ նյութում է չարություն:


ԻԹ (Լ)

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՍԿՍՎԵՑ, ԵՎ ԱԺԴԱՀԱԿԻ ՄԱՀՆ ԱՅԴ ԿՌՎՈՒՄ

Սրանից հետո ասում է, թե երբ Աժդահակը Տիգրանուհուն տիկնության մեջ հաստատեց, իր թագավորության մեջ ոչինչ չէր գործում առանց նրա հավանության, այլ ամեն բան կարգադրում էր նրա ասածի պես և հրամայում էր, որ բոլորը նրա հրամանին հնազանդվեն: Այս այսպես կարգադրելով` սկսում է այնուհետև մեղմով խաբեությամբ նրան գրավել: «Դու չգիտես, ասում է նա, որ քո եղբայրդ Տիգրանը նախանձել է, որ դու Արյաց տիկին ես դարձել, նրան գրգռում է նրա կինը` Զարուհին: Ինչ կլինի սրա հետևանքը, եթե ոչ` որ նախ ես կմեռնեմ և հետո Զարուհին Արյաց վրա տիկին կդառնա և աստվածուհիների տեղը կբռնե: Ուրեմն քեզ մնում է ընտրել այս երկուսից մեկը – կա՛մ լինել եղբայրասեր և հանձն առնել խայտառակ կործանում Արյաց առաջ, կա՛մ, քո բարին հասկանալով, մի օգտակար բան մտածել և առաջիկա անցքերի մասին հոգալ»:
Այս խորամանկության մեջ թաքնված էր և սպառնալիք, թե Տիգրանուհին կմեռնի` եթե մարապարսկացու ցանկության համաձայն չվարվի: Իսկ խորագետ գեղեցկուհին այս դավաճանությունը հասկանալով` սիրալիր խոսքերով է պատասխանում Աժդահակին և մտերիմների միջոցով շտապով եղբորը հայտնում է Աժդահակի նենգությունը:
Աժդահակն այնուհետև գործի է ձեռնարկում, պատգամավորների ձեռքով առաջարկելով Տիգրանին, որ բարեկամական տեսակցության համար գա երկու թագավորությունների սահմանագլուխ մի տեղում, իբր թե մի կարևոր գործ ու խոսելիք կա, որ չի կարելի կատարել գրի և պատվիրարկության միջոցով, բայց միայն անձանբ դեմ առ դեմ հանդիպումով: Սակայն Տիգրանը պատվիրակության դիտավորությունը գիտնալով` Աժդահակի խորհուրդներից ոչ մի բան ծածուկ չի թողնում, այլ գրով հայտնում է, ինչ որ նրա սրտի խորքում կար: Երբ այսպիսով չարությունը հայտնի դարձավ, այլևս ոչ մի խոսքով, ոչ մի խորամանկությամբ չէր կարելի չարությունը քողարկել, և այնուհետև թշնամական դրությունը հայտնի գրգռվում էր:
Եվ Հայոց թագավորը զորք է ժողովում Կապադովկիայի սահմաններից, Վրաց և Աղվանից ընտիրները` որոնք որ կային, և Մեծ ու Փոքր Հայքի բոլոր ընտիրները, և ամբողջ զորությամբ դիմում է Մեդացոց կողմերը: Վտանգը հարկադրում է Աժդահակին Հայկազունի դեմ ելնել պատերազմով ոչ փոքր բազմությամբ: Հակառակության գործը ձգձգվում էր մինչև հինգ ամիս, որովհետև արագ ու առողջ գործը թուլանում է, քանի որ Տիգրանը մտածում էր իր սիրելի քրոջ Տիգրանուհու մասին: Նա աշխատում էր այնպիսի մի հնար գտնել, որ Տիգրանուհին փրկվելու ճար գտնի: Երբ այս հաջողվում է, մոտենում է և կռվի ժամը: 
Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին ամեն կերպ պատշաճեցրած, կատարյալ գեղեցիկ հասակով, առույգ և ուժի կողմից իրեն հավասարը չունեցող: Եվ ինչու եմ խոսքս երկարացնում, կռվի ժամանակ Աժդահակի երկաթե ամուր զրահը ինչպես ջուր ճեղքելով` Աժդահակին շամփրում է իր նիզակի ընդարձակ տեգին, և ձեռքը հետ քաշելիս` նրա թոքերի կեսն էլ զենքի հետ դուրս է բերում: Բայց կռիվն սքանչելի էր, որովհետև քաջեր քաջերի հանդիպելով` ոչ մեկը մյուսին շուտով թիկունք չէր դարձնում, ուստի պատերազմը երկարում էր բավական ժամեր, մինչև գործին վերջ էր դնում Աժդահակի մահը: Այս բարեբախտ դիպվածը նոր փառք էր ավելացնում Տիգրանին:


Լ (ԼԱ)

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԻՐ ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՔՈՒՅՐՆ ՈՒՂԱՐԿԵՑ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ, ԱՅԼԵՎ ԱԺԴԱՀԱԿԻ ԱՌԱՋԻՆ ԿՆՈՋ` ԱՆՈՒՅՇԻ ԵՎ ԳԵՐԻՆԵՐԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 Այս էլ է պատմվում, թե այս գործը վերջանալուց հետո Տիգրանը իր քույր Տիգրանուհուն թագավորավայել ու մեծ բազմությամբ ուղարկում է Հայաստան` այն ավանը, որը Տիգրանը շինեց իր անունով, այսինքն` Տիգրանակերտ, և այն գավառները հրամայում նրա ծառայության մեջ դնել: Եվ այդ կողմերի ոստան կոչված ազնվական դասակարգն, ասում է, սրա սերունդից է առաջացել, իբրև թագավորական սերունդ:
Իսկ Աժդահակի առաջին կնոջը՝ Անույշին, և շատ աղջիկներ Աժդահակի սերունդից` պատանիներով և գերիների բազմությամբ հանդերձ, ավելի քան մի բույր մարդ, Տիգրանը բնակեցնում է մեծ լեռան արևելյան կողմը՝ մինչև Գողթնի սահմանները. սրանք են Տամբատ, Ոսկիողա, Դաժգույնք և Գետեզրյա ուրիշ դաստակերտներ, որոնցից մեկն է Վրանջունիք, մինչև Նախճավան ամրոցի դեմուդեմը: Նրանց է թողնում նաև երեք ավաններ՝ Խրամ, Ջուղա և Խորշակունիք` գետի մյուս կողմում, ամբողջ դաշտը, որի գլուխն է Աժդանական, մինչև նույն Նախճավանի ամրոցը: Բայց վերը հիշված Անույշ կնոջն իր որդներով հանգիստ բնակեցնում է մեծ լեռան փլվածքի վերջում: Այս փլվածքն, ասում են, առաջ է եկել մի ահագին երկրաշարժից. այս բանը պատմում են այն մարդիկ, որոնք Պտղոմեոսի հրամանով ընդարձակ ուղևորություններ կատարելով ասպարեզներով չափեցին մարդկանց բնակության տեղերը, մասամբ նաև ծովը և անբնակ վայրերը Այրեցյալ գոտուց մինչև Քիմյուռոն: Իսկ Անույշին սպասավորներ տալիս է նույն այն մարդկանցից, որ լեռան ստորոտում բնակվեցին: 
Այս բանը ճշմարտապես պատմում են և թվելյաց երգերը, որ ինչպես լսում եմ, ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի կողմի մարդիկ, այդ երգերում չափածո շարադրվում են պատմություններ Արտաշեսի և նրա որդիների մասին, այլաբանաբար հիշելով և Աժդահակի սերունդները, նրանց վիշապազուններ կոչելով: Որովհետև Աժդահակ մեր լեզվով նշանակում է վիշապ: Այլև այդ երգերում ասում են, թե՝
«Արգավանը ճաշ սարքեց ի պատիվ Արտալեսի
Եվ նրա դեմ դավ լարեց վիշապների դահլիճում»:–
Այլև ասում են.
Արտավազդը` քաջ որդին Արտաշեսի, չգտավ
Ապարանքի փոքրիկ տեղ,
Արտաշատը հիմնելիս`
Անցավ գնաց և շինեց
Մարաստանում Մարակերտը»:

«Արտավազդը, Արտաշեսի քաջ որդին, Արտաշատի հիմնվելու ժամանակ, մի փոքրիկ տեղ չգտնելով ապարանքի համար` անցավ, ասում են, գնաց և Մարաց մեջ շինեց Մարակերտը», որ գտնվում է Շարուր կոչված դաշտում: Ասում են նաև.
  «Տենչալով տենչում է Սաթենիկ տիկինը
  Արտախուր խավարտ և տից խավարծի
  Արգավանի բարձերից»:
Արդ, դու այստեղ առավելապես չես զարմանա, թե ինչպես պատմեցինք ճշմարիտը` բացատրելով մութ պատմություններն այն վիշապների մասին, որ ապրում են Ազատն ի վեր Մասիսի վրա:


ԼԱ (ԼԲ)

ԹԵ ՈՐՈՆՔ ԵՆ ՍՐԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ԵՎ ԻՆՉ ՑԵՂԵՐ ԶԱՏՎԵՑԻՆ ՍՐԱՆԻՑ

Ինչպես որ ինձ պատմողիս սիրելի է հավաստի պատմել այս պատմության մեջ բուն և առաջին Տիգրանի և նրա գործերի մասին, հիշելով զրույցներն այս Երվանդյան Տիգրանի մասին, նույնպես սիրելի պետք է լինեն ընթերցողիդ ինչպես այդ մարդն ու նրա գործերը, այնպես էլ նրան վերաբերյալ պատմությունները: Ուստի ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ Հայկ, Արամ, Տիգրան. որովհետև քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին ով ինչպես ուզում է` թող կոչի: Բայց դիցաբանական տեսակետից ևս ճշմարիտ է մեր ասածը: Չկա ոչ մի Արամազդ, բայց միայն նրանց համար, որոնք կամենում են, որ Արամազդ լինի. և այսպես կոչված չորս Արամազդներից մեկն է միայն` Ճաղատ Արամազդը: Այսպես նաև շատերը կան Տիգրան անունով, բայց սա մեկ և միակն է Հայկազուններից, որ Աժդահակին սպանեց, և գերեվարեց նրա տուն ու տեղը և Անույշին, վիշապների մորը, և Կյուրոսին, նրա բարի կամքով և հոժարությամբ, օժանդակ ունենալով` Մարաց և Պարսից իշխանությունը հափշտակեց:
Սրա որդիներն են Բաբ, Տիրան և Վահագն, որի մասին մեր երկրի առասպելներն ասում են.

 «Երկնում էր երկինք, երկնում էր երկիր,
 Երկնում էր ծովը ծիրանի.
Երկունքը բռնել էր ծովում
 Նաև կարմրիկ եղեգնիկին:
 Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
 Եղեգնի փողով բոց էր ելնում
 Եվ բոցից դուրս էր վազում
 Մի պատանեկիկ.

 Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ
 Նա հուր մազեր ուներ,
 Բոց մորուք ուներ,
 Եվ աչիկներն էին արեգակներ»: 

 Մենք մեր ականջով լսեցինք, ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով: Դրանից հետո երգի մեջ ասում էին, թե կռվել է վիշապների հետ ու հաղթել, և Հերակլեսի քաջագործություններին շատ նման բաներ էին երգում նրա մասին: Բայց ասում են նաև, թե սա աստվածացրած է, և Վրաստանում սրա հասակով արձան կանգնեցնելով` պատվում էին զոհերով:
Սրա սերունդներն են Վահունիները: Սրա կրտսեր որդուց` Առավանից ծագել են Առավենյանները: Սրա որդին էր Առավանը, սրանը` Ներսեհը, սրանը` Զարեհը, սրա սերունդից են Զարեհավանյան կոչված ցեղերը: Զարեհի առաջին որդին էր Արմոդը, սրանը` Բագամը, սրանը` Վահանը, սրանը` Վահեն: Սա Աղեքսանդր Մակեդոնացու դեմ ապստամբելով` մեռնում է նրա ձեռքով:
Այստեղից սկսած մինչև Վաղարշակի թագավորելը Հայաստանում` ստույգ բան չունեմ քեզ պատմելու, որովհետև խառնակություններ և շփոթություններ լինելով` մեկը մյուսից առաջ էր վազում մեր երկրին տիրելու: Այս պատճառով էլ Արշակ Մեծը դյուրավ Հայաստան մտնելով` իր եղբորը` Վաղարշակին թագավորեցնում է Հայաստանի վրա: 


ԼԲ (ԼԳ)

ԹԵ ԻԼԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԵՎՏԱՄՈՍԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՂԱՎ, ԵՎ ՄԵՐ ԶԱՐՄԱՅՐԸ  ՍԱԿԱՎԱԹԻՎ ԵԹՈՎՊԱՑԻ ԶՈՐՔԻ ՀԵՏ ԱՅՆՏԵՂ ԷՐ ԵՎ ԱՅՆՏԵՂ ՄԵՌԱՎ

Այս երկու պայմաններն են, որ քո հարցասիրության շնորհիվ մեզ տագնապ ու նեղություն են պատճառում՝ համառոտաբանություն և արագաբանություն, այն էլ պերճ ու պայծառ, ինչպես պլատոնական խոսքերը, ստությունից հեռու և լի ճշմարտությամբ, և այս կերպով քեզ միանգամից պատմել առաջին մարդուց սկսած մինչև քեզ: Բայց այս բոլորը միասին չի կարող պատահել: Որովհետև Աստված, որ ամեն բան ստեղծեց, նա որ կարող էր մի ակնարկությամբ մի ակնթարթում ամեն ինչ գոյացնել` այսպես չարավ, այլ օրեր որոշեց և ստեղծվածների մեջ կարգեր, որովհետև մի քանիսն առաջին օրվա ստեղծվածներն են, մի քանիսը` երկրորդի, երրորդի և հաջորդ օրերի: Եվ սրանով Սուրբ հոգու ուսմունքը մեզ սովորեցնում է նույնպիսի կարգեր պահպանել: Բայց քո փափագը մենք տեսնում ենք այսպիսի աստվածաշնչային սահմանից դուրս եկած, որ ամեն բան և մի անգամից և ճշմարտությամբ քեզ ասված լինի: Իսկ մենք կամ երկար պետք է գրենք, որպեսզի ցանկացածիդ պես լինի, կամ կարճ, որ քեզ հաճելի չի լինի: Որովհետև քո շտապեցնելուց մենք ոչինչ չգրեցինք Աղեքսանդր Մակեդոնացու մասին, ոչ էլ Իլիական պատերազմի մասին իր տեղումը հիշեցինք և այստեղ ենք կցում: Չենք կարող ասել, իմաստուն թե անհանճար հյուսն ենք մենք դառնում, երբ այստեղ, պատշաճ է թե ոչ այժմ միայն վերջումն ենք կցում կարևոր և մեր շարադրանքին արժանի պատմությունները:
Եվ այս ճառերից որոնք պետք է առաջինը լինեն, եթե ոչ Հոմերոսից պատմվածները, այն` ինչ որ պատմվում է իլիական պատերազմի մասին ասորեստանցիների Տևտամոս թագավորի ժամանակ: Եվ մեր Զարմայրը, որ ասորեստանցիներին հպատակ էր, քիչ մարդով եթովպական զորքի հետ օգնական է եղել Պրիամոսին և այնտեղ հելլենացի քաջերից վիրավորվելով մեռել է, բայց կկամենայի թե Աքիլլեսից և ոչ թե մի ուրիշ քաջից:

Վերջացավ Առաջին Գիրքը, 
Հայոց մեծերի ծննդաբանությունը: