ՊԱՐՍԻՑ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԻՑ ԲՅՈՒՐԱՍՊԻ ԱԺԴԱՀԱԿԻ ՄԱՍԻՆ
Բայց ի՞նչ ցանկություն է արդյոք, որ ունես, Բյուրասպի Աժդահակի առասպելները փծուն ու անհեթեթ են, կամ ինչո՞ւ ես մեզ նեղություն տալիս պարսից անմշակ ու անճաշակ և մանավանդ անիմաստ առասպելների համար, ինչպես են նրա առաջին և անբարի բարերարությունը, դևերի նրան սպասավորելը, վիշապածին ու ստին վրիպեցնել չկարողանալը, ուսերը համբուրելը, այնտեղից վիշապներ ծնվելը, այնուհետև չարության աճումը, փորի համար մարդիկ սպառելը: Հետո մի ոմն Հրուդենի նրան կապելը պղնձե լարերով և Դմբավընդ կոչված լեռը տանելը. հետո Հրուդենի քնելը ճանապարհին, և Բյուրասպիի նրան քաշելով բլուր տանելը, Հրուդենի զարթնելը և նրան լեռան ինչ-որ այր տանելն ու կապելը և ինքն իրեն նրա առաջ իբրև արձան հաստատելը, որից սարսափահար եղած` հնազանդ է մնում շղթաներին և չի իշխում դուրս գալ և աշխարհը ոչնչացնել:
Ի՞նչ կարոտություն ունես այս սուտ առասպելների կամ ի՞նչ կարիք այսպիսի շինծու, անմիտ և անհանճար զրույցների: Մի՞թե սրանք հույների պերճ ու ողորկ, պատճառաբանված առասպելներն են, որոնց տակ այլաբանորեն թաքնված են ճշմարիտ իրողություններ, բայց դու մեզ ասում ես, որ իմաստ տանք նրանց անիմաստությանը և անզարդը զարդարենք: Ես նույնը կրկնում եմ քեզ, ի՞նչ կարոտություն ունես սրանց, և ի՞նչ փափագ է` անբաղձալի բաներին բաղձալը և մեզ նոր նեղություն պատճառելը: Մենք այս վերագրում ենք քո մանկական հասակին և համարում ենք քո տհաս խակության ցանկություն: Ուստի այստեղ էլ թող կատարած լինենք քո կամքը և փափագդ լրացնենք:
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ` ԻՆՉ ՈՐ ՀԱՎԱՍՏԻ ԲԱՆ ԿԱ ԲՅՈՒՐԱՍՊԻԻ ՄԱՍԻՆ
Պլատոնի խոսքն այժմ համարձակապես կարտասանեմ. «Սիրողի համար կա՞ արդյոք ուրիշ ես, քանի որ իսկապես չկա մեկը»: Որովհետև բացի ուրիշ անհնար բաներից, որ քեզ համար հնարավոր դարձրինք, այս էլ ենք կատարում: Որովհետև նրանց այն զրույցներն ու գործերը, որ մենք ատում ենք և մանավանդ որոնց լսելը տաղտկություն էր մեզ պատճառում՝ այսօր իմ ձեռքով ինքս շարադրում եմ, նրանց անմտության մեջ միտք դնելով և նրանց չափազանց հին և նրանց համար անհասկանալի անցքերն ահա կբացատրեմ, միայն թե սրանք քեզ ուրախություն կամ օգուտ բերեն: Բայց գիտցիր մեր ատելությունը դեպի այսպիսի զրույցները, որ ոչ առաջին գրքում պատմեցինք և ոչ նույնիսկ վերջին գրքում արժան համարեցինք շարադրել, այլ զատ և առանձին: Ես կսկսեմ այսպես:
Պարսիկների Բյուրասպի Աժդահակ ասածը նրանց նախնին է, Նեբրովթին ժամանակակից: Որովհետև երբ լեզուներն ամբողջ աշխարհի վրա ցրվեցին, այս բանը չկատարվեց խառնիխուռն և առանց առաջնորդների, այլ կարծես մի աստվածային ակնարկությամբ որոշվեցին գլխավորներ և ցեղապետներ, որոնցից յուրաքանչյուրն իր սահմանը ժառանգեց կարգով ու զորությամբ: Եվ ես այս Բյուրասպիի իսկական անունը ճանաչում եմ Կենտավրոս Պյուռիդա, որ գտել եմ քաղդեական մատյանում: Սա ոչ այնքան քաջությամբ, որքան ճոխությամբ և ճարտարությամբ իր ազգի ցեղապետությունը վարում էր Նեբրովթին հնազանդվելով և կամենում էր ցույց տալ, որ ամենքը պետք է ընդհանուր կենցաղ ունենան, նա ասում էր, թե ոչ ոք չպետք է առանձին սեփական բան ունենա, այլ ամեն ինչ ընդհանուր պետք է լինի: Նրա ամեն մի խոսքը, ամեն մի գործը հայտնի էր, ոչ մի բան ծածուկ չէր մտածում, այլ սրտի բոլոր գաղտնի խորհուրդները լեզվովն արտահայտում էր և սահմանում էր, որ բարեկամները նրա մոտ ելումուտ անեն ինչպես ցերեկով, այնպես էլ գիշերը: Եվ այս է նրա այսպես կոչված անբարի բարերարությունը:
Եվ որովհետև աստղաբանության մեջ հզոր լինելով կամեցավ նաև կատարյալ չարությունը սովորել, և այս նրան անկարելի էր, - որովհետև, ինչպես վերն ասացինք, մարդկանց խաբելու նպատակով սովորություն ուներ ոչ մի բան ծածուկ չգործել, ուստի այնպիսի կատարյալ և ծայրահեղ չարությունը սովորելու հնարավորություն չկար, այս ուսման համար մի դառն հնարք է մտածում՝ իբրև թե փորի սարսափելի ցավեր ունի, որ ոչ մի ուրիշ միջոցով չի բժշկվի, եթե ոչ մի ինչ-որ խոսքով ու սոսկալի անունով, որը ոչ ոք չի կարող լսել առանց վտանգի: Եվ սովորած չար ոգին, որ նյութում էր չարությունը, գլուխը Բյուրասպիի ուսերի վրա դնելով, անկասկած սովորեցնում էր նրան անբարի արվեստը, տանը և հրապարակներում, ականջին խոսելով: Սրա մասին առասպելում ասում են, թե սատանայի ճուտը նրան սպասավորելով կատարում էր նրա կամքը, որի համար հետո, պարգև խնդրելով, ուսը համբուրում էր:
Իսկ վիշապներ բուսնելը կամ Բյուրասպիի կատարելապես վիշապանալը, որ ասում են, այս է: Որովհետև նա անթիվ մարդիկ սկսեց զոհել դևերին` ուստի ժողովուրդը նրանից զզվեց և բոլորը միաբանեցին ու նրան հալածեցին, նա փախավ վերոհիշյալ լեռան կողմերը, երբ հալածանքը նրա դեմ սաստկացավ, նրա հետ եղած ամբոխը քայքայվեց և ցրվեց, հալածողներն այս բանին վստահանալով` մի քանի օր այդ տեղում հանգիստ առան: Սակայն Բյուրասպին ցրվածներին նորից հավաքելով` հանկարծորեն նրանց վրա է հասնում, մեծ վնասներ պատճառելով, բայց բազմությունը հաղթում է և Բյուրասպին փախուստ է տալիս: Հասնում նրան սպանում են լեռան մոտ և գցում են մի մեծ ծծմբային վիհի մեջ: